ՆԱՏՕ-ն Ռուսաստանն այլևս չի գնահատում որպես գործընկեր. Բրիդլավ
Ամերիկյան The Washington Times թերթի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ն Ռուսաստանն այլևս չի գնահատում որպես գործընկեր: Այս մասին ԱՄՆ կոնգրեսում հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը:
Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարությունը շարունակում է կապեր պահել Ռուսաստանի հետ, սակայն դրանք հազվադեպ են օգտագործվում.
«Եվրոպայի ուժերը վերջին 20 տարում հաշվարկված են այնպիսի իրավիճակի համար, որոնցում ՆԱՏՕ-ն Ռուսաստանն ընկալել է որպես գործընկեր: Այն, ինչ Մոսկվան ցուցաբերում է ներկայումս, անկարելի է դիտարկել որպես համագործակցություն»:
Բրիդլավը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է փոխել կանոններն ու սկզբունքները, որոնք բազում տասնամյակներ ընկած են եղել Եվրոպայի անվտանգության հիմքում:
Անդրադառնալով Դոնբասում տիրող հարաբերական դադարին` Բրիդլավը հայտարարել է, որ ռուս զինվորականները կարող են օգտվել դրանից` նոր գործողություն պատրաստելու համար: Նա նշել է, որ չի կարող կանխատեսել Մոսկվայի հաջորդ քայլը: