Բաժիններ՝

Մահացած զինծառայողը երկտող է թողել. ծնողներն ինքնասպանությանը չեն հավատում. news.am

Փետրվարի 27-ի երեկոյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, ըստ նախնական վարկածի, ինքնասպանություն գործած զինծառայող, Երեւանի բնակիչ, 19-ամյա Ալբերտ Սաֆարյանի ծնողները չեն հավատում ինքնասպանության վարկածին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի հայրը՝ Էմիլ Սաֆարյանը, որին առավոտյան էին հայտնել որդու մահվան մասին։

«Զինկոմիսարիատում ասացին, որ տղաս ինքնասպանություն է գործել եւ ինքնասպանությունից առաջ նամակ է թողել: Տղայիս գրած նամակն ինձ զինկոմում ցույց չեն տվել, միայն բովանդակությունն են ասել՝ իբր մեր ընտանիքում խնդիրներ են եղել, և նա ինքնասպան է եղել այդ պատճառով: Ես այդ վարկածին չեմ հավատում և ամեն ինչ անելու եմ, որպեսզի ճշմարտությունը պարզեմ»,-ասաց նա:

Սաֆարյանների ընտանիքի հարևանները նույնպես չեն հավատում ինքնասպանության վարկածին. ընտանիքի մասին էլ միայն դրական են խոսում՝ բացառելով խնդիրները։

«Միշտ ժպտերես, ուրախ տղա էր: Բանակից չէր դժգոհում, ծնողների հետ վերջին անգամ մեկ շաբաթ առաջ էր հեռախոսով խոսել ու տեղեկացրել, որ այնտեղ ոչ մի խնդիր չունի ու ամեն ինչ լավ է: Մենք շատ մոտ հարևաններ ենք, շատ լավ ընտանիք են, առաջ քաշված վարկածը, իբր ընտանեական խնդիրների պատճառով է ինքնասպան եղել, սուտ է: Շատ լավ ընտանիք ուներ, որտեղ ոչ մի խնդիր էլ չկա»,-ասաց հարեւաններից Արսեն Գալստյանը:

Ալբերտն ընդամենը ութ ամսվա զինծառայող էր, մինչեւ բանակ զորակոչվելն էլ սովորել է Ֆինանսատնտեսական քոլեջի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների բաժնում:

«Ալբերտը հոր հետ մեկնել էր Ռուսաստան արտագնա աշխատանքի: Բայց երբ ծառայելու ժամանակն է եկել, վերադարձել է հայրենիք՝ պարտքը կատարելու»,-պատմեց հարեւանը։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս