ՕԵԿ-ը հանդիպել է Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ
Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, կուսակցության փոխնախագահներ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ` վերջիններիս նախաձեռնությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական ներկայիս վիճակին, սոցիալ տնտեսական հիմնախնդիրներին, արտաքին քաղաքականությանը, մասնավորապես Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը առնչվող հարցերի լայն շրջանակ:
Դեսպանների խնդրանքով «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդը ներկայացրել է իր ղեկավարած քաղաքական ուժի տեսակետները Հայաստանի ներքաղաքական իրողությունների և գործընթացների, ինչպես նաև արտաքին քաղաքական օրակարգում առկա հիմնահարցերի վերաբերյալ:
ՕԵԿ նախագահն ընդգծել է. «Հայաստանը հետևողականորեն պետք է առաջ ընթանա համարձակ և մրցունակ սոցիալ-տնտեսական և քաղաքական բարեփոխումների միջոցով, վարի նախաձեռնողական ներքին և արտաքին քաղակականություն` ձեռնամուխ լինելով երկրում կուտակված խնդիրների լուծմանը` կիրառելով արդիական մեխանիզմներ և նորարարական լուծումներ»:
ՕԵԿ նախագահն ու փոխնախագահները նաև պատասխանել են դեսպաններին հետաքրքրող հարցերի:
ՕԵԿ գրասենյակ