«Դվինը» 1 տարուց պատրա՞ստ կլինի. «ՀԺ»

«Հայկական Ժամանակը» գրում է. «Խորհրդահայ ճարտարապետության լավագույն կառույցներից համարվող «Դվին» հյուրանոցային համալիրը, որ վերջին ավելի քան 15 տարիների ընթացք ում միայն քայքայվել և ավերակի է վերածվել, իբր պետք է շատով վերականգնվի։

Պաշտոնապես շրջանառության է մտել հյուրանոցի նոր տարբերակի էսքիզը, որը, սակայն, ոչ միայն անհատ ճարտարապետների բացասական վերաբերմունքին է արժանացել, այլև Երևանի քաղաքագետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի նմանատիպ եզրակացությանը։

Իսկ ՀՀ կառավարության և հյուրանոցը 2003 թվականին գնած «Կովկասյան հաղորդակցական խումբ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, արդեն 2016-ին պետք է հյուրանոցը նոր տեսքով շահագործման հանձնվի։

Փետրվարի 18-ին Երևանի քաղաքապետին կից ՔԲՀՏ խորհուրդը, քննարկելով հյուրանոցային համալիրի վերակառուցման էսքիզային առաջարկը, որը կառուցապատող ընկերության պատվերով կազմել են կանադացի ճարտարապետներ, եզրակացություն է տվել այն մասին, որ նախագիծը ծավալատարածական հորինվածքի, միջավայրի գերբեռնվածության և ճարտարապետական ոճական լուծումների առումով անհամապատասխանություններ ունի։ Որոշակի փոփոխություններից հետո նախագիծը կրկին պետք է ներկայացվի խորհրդի քննարկմանը։

Եերթը հիշեցնում է. ««Դվին» հյուրանոցի բացումը տեղի է ունեցել 1983 թվականին։ Տասնչորս հարկանի հյուրանոցն ունեցել է լյուքս համարներ, ռեստորան և բար։ Բոլոր սենյակները կահավորված են եղել ֆիննական կահույքով։ Հյուրանոցի շենքը ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների ցանկում։ 2003 թվականին հյուրանոցը Ռոբերտ Քոչարյանի ձեռքով 3 միլիոն դոլարով վաճառվեց «Կովկասյան հաղորդակցական խումբ» ՓԲԸ-ին, որը պարտավորվել է ամբողջությամբ վերակառուցել հյուրանոցը մինչև 2016 թվականը։ ՓԲԸ-ի ներկայացուցիչներից մեկը այն ժամանակ Անդրիաս Ղուկասյանն էր, ով առաջադրվել էր 2013թ. նախագահական ընտրություններում։

Ըստ նախագծի, պետք է 30 միլիոն ներդրում կատարվի և «Դվին» համալիրը դառնա հինգաստղանի հյուրանոց։ Նախատեսված է, որ տարածքի մի մասը շենքի 10-14– րդ հարկերը, կզբաղեցնեն էլիտար բնակարաններ, որոնք կվաճառվեն սեփականության իրավունքով։ Մեր տեղեկություններով, այս պրոյեկտում ներգրավված է խոշոր ռուսական կապիտալ, որտեղ նաև Ռոբերտ Քոչարյանի հետքերն են։ ժամանակին մամուլով շրջանառվել և չի հերքվել, որ այդ ընկերությունում մասնաբաժին ունի նաև Իոսիֆ Կոբզոնը՝ ռուս անվանի երգիչ, հեղինակություն։

Ըստ պայմանագրի, եթե 2016թ.-ին հյուրանոցի հիմնանորոգման աշխատանքները չավարտվեն, ապա սեփականատերը տույժ-տուգանքների կենթարկվի։ Բայց մինչ գործնական քայլեր կլինեն, շենքն արդեն ավերակի է վերածվել։

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս