Արմեն Աշոտյանն անմոռուկ նվիրեց ԱՄՆ դեսպանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ լիազոր և արտակարգ դեսպան Ռիչարդ Միլսին: Նախարարը, շնորհավորելով դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի կրթության և գիտության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին:
Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և դեսպանատան աջակցությամբ Հայաստանի կրթության ոլորտում իրականացված մի շարք ծրագրերի կապակցությամբ:

Մասնավորապես, անդրադառնալով ՀՊՃՀ-ում ԱՄՆ զարգացման գործակալության աջակցությամբ հիմնադրված Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների /ANEL/ գործունեությանը` նախարարն այդ համատեքստում կարևորել է կրթություն-աշխատաշուկա կապի, ուսանողների ներգրավման և աջակցության, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման խնդիրը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Երևանի պետական համալսարանում Ամերիկագիտության կենտրոն հիմնելու գաղափարին: Նախարարի խոսքով` ԵՊՀ-ում արդեն գործում է Եվրոպագիտության կենտրոն, շուտով իր աշխատանքները կսկսի նաև ռուսաց լեզվի կենտրոնը: Ա. Աշոտյանն անդրադարձել է նաև օտար լեզուների դասավանդման խնդրին` ընդգծելով, որ նախարարությունը կարևորում է օտար լեզուների ուսուցումը հանրակրթական դպրոցներում:

Մյուս հարցը, որի մասին խոսել է Արմեն Աշոտյանը, վերաբերել է միջբուհական համագործակցության ընդլայնմանը և զարգացմանը, այդ թվում` Հայաստանում Ամերիկյան համալսարանի` այս տարի առաջին անգամ իրականացվող բակալավրիական կրթության, ժամանակակից կրթական ծառայությունների մատուցման, կրկնակի դիպլոմների տրամադրման հարցերին:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, մասնավորապես, հետաքրքրվել է Հայաստանում ներառական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքով, որին ի պատասխան` նախարարը տեղեկացրել է, որ լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում, համաձայն որի` մինչև 2022 թվականը նախատեսվում է աստիճանաբար անցում կատարել դեպի համընդհանուր ներառական կրթության: Արդյունքում` կնվազի հատուկ դպրոցների թիվը. կկգործեն միայն հատուկ ուղղվածության դպրոցներ:

Արմեն Աշոտյանի խոսքով` այս գործընթացում նախարարությունը վայելում է հանրության աջակցությունը: Բացի այդ, դեսպանի խնդրանքով` նախարարն անդրադարձել է ՀՀ կառավարության գերակայություններին` ընդգծելով, որ առաջնահերթ են համարվում ֆիզիկայի, բժկական և այլ մասնագիտությունների զարգացումը, ինչպես նաև ՔԵՆԴԼ գիտական հետազոտությունների կենտրոնի գործունեությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև FLEX ծրագրի, ամերիկյան բիզնես դպրոց հիմնելու հնարավորության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դպրոցում «Շախմատ» առարկայի ներդրման, ԳԱԱ գործունեության, բուհերում գիտահետազոտական ծրագրերի և այլ կրթական հարցերին առնչվող խնդիրներ:

Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանն ԱՄՆ դեսպանին է նվիրել Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի սաների պատրաստած Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ հանդիսացող անմոռուկ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս