Ձերբակալվել է Երևանում 4 անձի վրաերթի ենթարկած վարորդը
Երեւանի քննչական վարչությունում շարունակվում է Երևանում փետրվարի 19-ին տեղի ունեցած 4 անձի վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննության նախնական տվյալներով փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Մարաշի Արմենակյան փողոցով Հերացու փողոցի ուղղությամբ, շուրջ 40կմ/ժ արագությամբ: Հասնելով Արմենակյան փողոցի թիվ 122 հասցեի դիմաց՝ վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա՝ դուրս եկել երթեւեկելու գոտուց եւ բարձրանալով մայթին վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Վրաերթի հետեւանքով մանկահասակ երեխաներից մեկը մահացել է, մյուս երեք քաղաքացիները գտնվում են բժշկական կենտրոններում։
Վթարի հետեւանքով վնասվածքներ է ստացել նաեւ ավտոմեքենայի ուղեւորը՝ վարորդի կինը, ով ամբուլատոր բուժօգնություն է ստացել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է. Նա կասկածվում է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական-դատաքիմիական և մանրաթելային համալիր փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: