Բաց նամակ. ՌԴ-ից մենք պահանջում ենք հանձնել Վալերի Պերմյակովին ՀՀ-ին

Գերմանիայում հայկական համայնքների բաց նամակը՝ ուղղված Բեռլինում Ռուսաստանի Դեսպանին:

«Ռուսաստանից մենք պահանջում ենք հանձնել Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետությանը, դրանով իսկ աջակցելով հայ ժողովրդի պահանջներին:

Մեծարգո պարոն Դեսպան Վլադիմիր Մ. Գրինին

Ողջ Հայաստանի Հանրապետությունը, նրա հետ միասին սփյուռքը, ներառյալ Գերմանիայի ավելի քան 50 000 հայերը ցնցված են: Վստահաբար տեղյակ եք հունվարի 12-ի ողբերգական իրադարձությանը, ինչը տեղի է ունեցել Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում, որտեղ եւ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան: Ավետիսյանների յոթ անդամանոց ընտանիքը, այդ թվում եւ երկու տարեկան փոքրիկ աղջիկը՝ Հասմիկը, ինքնաձիգով դաժանաբար գնդակահարվեցին սեփական տանը: Նաեւ վեց ամսեկան մանուկ Սերյոժան, ով սվինահարության բազմաթիվ վերքից մահացու վիրավորվել էր, կյանքի ու մահու պայքարի տանջալից օրերից հետո, չապաքինվելով վերքերից, հունվարի 19-ին հեռացավ կյանքից:

Կասկածյալը ՌԴ քաղաքացի եւ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով դեպքից հետո ենթադրաբար փախուստ է կատարել դեպի հայ-թուրքական սահմանը, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից եւ հանձնվել է ռուսական 102-րդ ռազմաբազային, որտեղից էլ նա ենթադրաբար ավելի շուտ կատարել էր զինված փախուստը:

Այս սարսափելի միջադեպը միեւնույն ժամանակ շատ խորհրդավոր է: Քանզի կան լուրջ կասկածներ, որ ոչ թե մեկ, այլ մի քանի զինված անձինք են ներխուժել Ավետիսյանների տուն եւ միաժամանակ սպանել ընտանիքի բոլոր անդամներին:

Կասկածելի է նաեւ այն հանգամանքը, որ ռուս սահմանապահները քաղաքացիական հագուստով Պերմյակովին, ով իր մոտ անձը հաստատող փաստաթղթեր չուներ, ՀՀ ոստիկանությանը կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հանձնելու փոխարեն՝ ինչպես ենթադրում են իրավական համաձայնագրերը եւ Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքված պայմանագրերը, հանձնեցին ռուսական ռազմաբազային: Բացի այդ, ողբերգական դեպքից միայն մի քանի օր հետո, երբ Հայաստանում ժողովուրդը սարսափելի սպանության լիարժեք հետաքննման համար դուրս եկավ փողոց եւ ցույցի միջոցով պահանջեց հարգել իրավունքն ու օրենքը, արձագանքեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, այն էլ ոչ թե հրապարակայնորեն, այլ ենթադրաբար հեռախոսազրույցով հայտնեց իր ցավակցությունը»:

Տեսանյութեր

Լրահոս