Զարուհի Փոստանջյան. «Սերժ Սարգսյանն ինքնիշխանությունը վաճառեց ԵՏՄ-ին միանալով»
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հեղինակը նախագծում չի ներառել Մադրիդյան սկզբունքների հետ կապված խնդիրը, որը սկիզբ է առել Ռոբերտ Քոչարյանի օրոք, ապա ստորագրվել է Մոսկվայում՝ ԼՂՀ կարգավորման գործընթացից դուրս մղելով Արցախի ներկայացուցիչներին:
«Միանշանակ է, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն և ՀՀ անվտանգությունն է խախտվում»,- ասաց Զ.Փոստանջյանը՝ նշելով, որ դրանով հայ ժողովրդին պատկանող տարածքները զիջում են, որի մասին 2010 թ. Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ասել էր, որ նպատակային չեն բնակեցում այդ տարածքները, որովհետև հանձնելու են և թողնելու են միայն Լաչինի միջանցքը: Զ. Փոստանջյանի բնորոշմամբ՝ դրանով մեր անվտանգության համակարգն են զիջում և վտանգում Հայոց պետության անվտանգությունը:
Զ.Փոստանջյանը նաև նշեց, որ Սերժ Սարգսյանն ինքնիշխանությունը վաճառեց ԵՏՄ-ին միանալով, իսկ հիմա վաճառքի է դրված Արցախի Հանրապետությունը. «Ակնհայտ է, որ դա ևս դավաճանություն է: Ինչո՞ւ չեք ներառել այս հարցը»:
Զ.Փոստանջյանի երրորդ դիտարկումը վեաբերում էր 2013 թ. ընտրությունների հարցին. «Ինչո՞ւ չեք ներառել ընտրությունների հարցը, որովհետև, Դուք էլ նշեցիք, որ Սերժ Սարգսյանն ընտրված չէ, միայն պաշտոնը զբաղեցնող անձ է»:
Նիկոլ Փաշինյանը պաստախանեց, որ աշխատել են փաստաթղթում ներառել այնպիսի կետեր, որոնք կարող են ապացուցել ցանկացած ատյանում: Ըստ նրա՝ 2013 թ. ընտրությունների արդյունքները կեղծվել են այնպես, ինչպես 2008-ի և նախորդների, բայց ՍԴ-ում այդ հարցը քննարկվել է և, քանի որ փաստաթուղթը կարող է գնալ ՍԴ, դա հաշվի է առնվել: Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց ներառել ցանկացած կետ. «Ես կիսում են ձեր քաղաքական գնահատականները՝ նախագահական ընտրությունների, ԵՏՄ-ի, Արցախի հետ կապված: Ցանկացած պահի, երբ կձևակերպեք, կարող ենք ներառել»: