Հայտարարություն. «Պերմյակով կամ հրաժարական»
Սույն թվականի փետրվարի 19-ի ՀՀ դատախազության տարածած հայտարարությունը հակասում է ՀՀ գլխավոր դատախազի Գյումրիում ՀՀ քաղաքացիներին տված խոստումներին։
Տվյալ հայտարարությունը ՀՀ քաղաքացիների պահանջն իրականացնելու երաշխիքներ չի պարունակում, այն է՝ հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանդի մեջ մեղադրվող Վ. Պերմյակովին անհապաղ փոխանցել ՀՀ իրավապահներին։
ՀՀ գլխավոր դատախազի տված խոստումից անցել է գրեթե մեկ ամիս, սակայն ոչինչ չի փոխվել։ ՀՀ դատախազության հայտարարության հետևում թաքնվելով, անտեսելով հանրային պահանջը՝ գլխավոր դատախազը նպատակահարմար չի գտնում որևէ բացատրություն տալ հասարակությանը, ինչը խոսում է նրա գլխավորած համակարգի անգործության մասին։
Մենք դատապարտում ենք գլխավոր դատախազի պարփակված, ոչ հրապարակային և ոչ թափանցիկ գործունեությունը Հայ ժողովրդի հանդեպ կատարված հանցագործության մասով, ինչպես նաև «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը չիրականացնելու համար։
Այս աշխատելաոճը մերժում է ժողովրդավարական կարևորագույն սկզբունքների պահպանումը, որն ուղղակիորեն, բացասաբար է անդրառնալու դատախազության կառավարման, աշխատանքի արդյունավետության, պետության և քաղաքացիների բաց հարաբերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարկանիշի վրա։
Կրկին անգամ ՀՀ դատախազությունից պահանջում ենք՝
- գործել թափանցիկ և հրապարակել ռուսական կողմին ուղարկված դիմումի պատասխանը,
- տալ երաշխիքներ, որ մեղադրյալը փոխանցվելու է ՀՀ իրավապահներին,
- տալ երաշխիքներ, որ հանցագործը կամ հանցագործները պատժվելու են ՀՀ օրենսդրությամբ։
Այս երեք կարևորագույն կետերն անտեսելու և չկատարելու դեպքում ՀՀ քաղաքացիներս պահանջելու ենք ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը` ժողովրդավարության կարևորագույն սկզբունքերը ոտնահարելու, պետության վարկանիշը գցելու և անգործության համար։
«ՄԻԱՆՈՒՄ ԵՄ» նախաձեռնություն