Բաժիններ՝

Դաունի սինդրոմով երեխայի մայրը բաց նամակ է ուղարկել Լեոյի հորը

NEWS.am-ը ներկայացնում է Դաունի սինդրոմով ծնված երեխայի մայր Մերայա Նիքոլսի բաց նամակը՝ ուղղված Լեոյի հորը՝ Սեմյուել Ֆորեսթին, որը հրապարակվել է The Huffington Post-ում:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ Սեմ:

Ոչի՞նչ, եթե ես ձեզ Սեմ կոչեմ: Հուսամ՝ այո: Ես Ձեզ նամակ գրելու նախաձեռնություն ստանձնեցի, քանի որ երկուսս էլ աշխարհի ամենահամերաշխ համայնքի՝ Դաունի սինդրոմով երեխաների ծնողների համայնքի անդամներն ենք: Մենք բազմաթիվ մարտահրավերների ենք բախվում: Մենք ձգտում ենք այնպես անել, որպեսզի աշխարհն ընդունի մեր երեխաներին: Այդ նպատակով, մենք համատեղ ռեսուրսներ ենք օգտագործում, թիկունք ենք կանգնում միմյանց:

Երբ Դուք մտածում էիք ձեր նորածին որդու՝ Լեոյի հետ Հայաստանից հեռանալ ավելի բարյացակամ տրամադրված երկիր՝ հայրենի Նոր Զելանդիա, ցանկանում էիք 60 հազար դոլար հավաքել: Դուք մտադիր էիք նրա հետ տանը մնալ եւ ժամանակի մի մասը երեխայի հետ անցկացնել: Ձեր պատմության տարածման շնորհիվ հաջողվեց ծրագրվածից 440 հազար դոլարով ավելի հավաքել: GoFundMe անվանումով Ձեր էջում գրել էիք, որ «դա նաեւ Հայաստանի ժողովրդի համար է»:

Դուք, հավանաբար, տեղյակ չեք Սթեֆանի Մերեդիթի գործադրած հսկայական ջանքերի մասին, ով նույնպես Դաունի սինդրոմով երեխայի մայր է: Downside Up-ի հետ համատեղ նա ձգտում է աշխատել Ռուսաստանից մարդկանց հետ եւ ընդլայնել նրանց հնարավորությունները: Downside Up-ը կարող էր հրաշալի կազմակերպություն դառնալ՝ սահմանափակ հնարավորություններով հայ մյուս երեխաներին օգնություն ցուցաբերելու Ձեր նպատակներին հասնելու համար: Դուք, հավանաբար, տեղյակ չեք նաեւ Down syndrome Education International-ի մասին: Այդ կազմակերպությունը, ինչպես նաեւ Down syndrome International-ը, Ձեզ կօգնեն հայերին եւ Դաունի սինդրոմով հայ երեխաներին աջակցություն ցուցաբերելու ձեր նպատակների իրականացման ճանապարհին:

Սեմ, հույս ունեմ, որ կպահեք Ձեր խոսքը: Հաշվի առնելով գումարի չափը՝ չեմ կարող հետեւյալ հարցադրումները չկատարել.

1. Այդ 500 հազար դոլարից, որոնք Դուք ստացել եք, միջոցներ հատկացվելո՞ւ են սահմանափակ հնարավորություններով հայ երեխաների ծառայությունների որակը բարձրացնելու համար:

2. Ի՞նչ ծրագրերի եւ կազմակերպությունների եք պատրաստվում գումար նվիրաբերել:

3. Որքա՞ն ժամանակ եք պատրաստվում GoFundMe էջն ակտիվորեն գործարկել:

Ես հասկանում եմ, որ այդ գումարները Ձեզ են հատկացրել, եւ ընտրությունը Ձերն է: Բայց ես Ձեզ կոչ եմ անում ուշադիր հետեւել Հայաստանի եւ Արեւելյան Եվրոպայի՝ սահմանափակ հնարավորություններով երեխաների իրավիճակի, այն պայմաններին, որոնք Ձեզ ստիպեցին հեռանալ Հայաստանից:

Հարգանքով՝ Մերայա Նիքոլս»:

Նշենք, որ Նոր Զելանդիայի քաղաքացի Սեմյուել Ֆորեսթը միջազգային լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացրեց իր հայ կնոջ հետ ամուսնալուծվելու առիթով, ով որոշել էր հրաժարվել Դաունի սինդրոմով երեխայից:

Հիշեցնենք, որ Լեոն ծնվել է հունվարի 21-ին, Երեւանում: Ծնվելուց անմիջապես հետո նրա մոտ Դաունի սինդրոմ էին ախտորոշել: Առաջինն այդ մասին պատմեց փոքրիկի հայրը՝ լրատվամիջոցներին հայտարարելով, որ կինը որոշել է հրաժարվել երեխայից, իսկ ինքը՝ ոչ: Դա էլ նրանց ամուսնալուծության պատճառ էր դարձել:

Երեխայի մայրը՝ Ռուզան Բադալյանը, մի քանի օր լռություն էր պահպանում, բայց հետո Facebook-ի իր էջում գրել էր, որ իր համար դժվար էր նման որոշում կայացնելը, եւ որ ինքն այդ քայլին դիմել է՝ հանուն երեխայի ապագայի: Նա նշել էր նաեւ, որ Նոր Զելանդիայում Լեոն կունենա այն ամենը, ինչ երբեք չի ունենա Հայաստանում: Նա հավելել էր, որ Սեմյուել Ֆորեսթը ոչինչ չի արել ընտանիքը պահպանելու համար, մասնավորապես, չի աշխատել, կնոջը չի առաջարկել միասին հոգ տանել երեխայի մասին: Ավելի ուշ պարզվեց, որ Սեմյուելը նախկինում ամուսնացած է եղել: Առաջին ամուսնությունից նա 4 երեխա ունի, որոնցից մեկը նույնպես Դաունի սինդրոմով է ծնվել:

Թարգմանությունը՝ News.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս