Բաժիններ՝

Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարում է՝ սա ԱՄՆ-ի խնդիրը չէ. լավագույն դեպքում դիվերսանտներից մեկին կփոխանակենք Սաֆարովի հետ. ԳԱԼԱ

ԱՄՆ-ն կոչ է անում հայաստանյան պատկան մարմիններին մարդասիրական քայլ կատարել եւ Բաքվին հանձնել Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին։ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, մայրաքաղաքում կայացած մամլո ասուլիսի ժամանակ կրկնեց Բաքվում արած իր այն պնդումը, թե Հայաստանը պետք է որպես մարդասիրական ժեստ Բաքվին վերադարձնի ադրբեջանցի դիվերսանտներին: Նա դիվերսանտների կատարածը սարսափելի հանցանք համարեց, բայց միաժամանակ կոչ արեց մարդասիրական քայլ կատարել։ Այս մասին գրում է  ԳԱԼԱ-ն:

Պաշտոնական Ստեփանակերտը մերժում է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի այդ կոչը, քանի որ, ինչպես Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, արդեն իսկ մարդասիրական քայլ կատարվել է.

«Բազմիցս խոսել ենք դրա մասին եւ նաեւ հրապարակային հայտարարություններ ենք արել, նրանք եղել են ահաբեկիչներ եւ Արցախում կատարել են ահաբեկչական դիվերսիոն գործողություններ, նրանց հանդեպ տեղի է ունեցել բաց, թափանցիկ դատական պրոցես, որին մասնակցում էին թե լրատվամիջոցները, թե մարդու իրավունքների պաշտպաններ, տարբեր կազմակերպությունների դիտորդներ:

Նրանք ինչի մեջ մեղադրվում էին, նրանց մեղքն ապացուցվել է, իրենք էլ են ընդունել, դրա համար նամակ են գրել նախագահ Սահակյանին, որ թեթեւացնեն իրենց պատիժը: Մենք բարի կամք արդեն դրսեւորել ենք, այդ բաց, թափանցիկ դատավարությունը բարի կամքի եւ նորմալ պետության լավագույն դրսեւորումն էր, հաշվեհարդար չենք տեսել, այլ կատարվել է այն, ինչ ցանկացած քաղաքակիրթ երկիր է իրականացնում»,- ասաց Դ. Բաբայանը:

Արցախի նախագահի մամլո խոսնակը նշեց նաեւ, թե իր համար առնվազն տարօրինակ է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այդ կոչը, քանի որ բոլորն էլ տեղյակ են՝ ինչպիսի հանցագործություն են կատարել վերջիններս, եւ հետո անձամբ ինքը՝ Նուլանդը, դիվերսանտներին հանցագործ է համարում, բայց եւ կոչ անում նրանց Ադրբեջանին վերադարձնել.

«Եթե նույն ԱՄՆ-ին դիմեին ինչ-որ կազմակերպություններ եւ խնդրեին ազատ արձակել բոստոնյան ահաբեկչությունները կատարած այդ մարդուն, ինչպիսի՞ պատասխան կտար պաշտոնական Վաշինգտոնը, բնական է, որ նման կատեգորիայի մարդիկ, ահաբեկիչները որեւէ մարդասիրական ձեւով չեն կարող վերադարձվել, մանավանդ մի պետության, որը հերոսացրել է այդպիսի մարդկանց, օրինակ Սաֆարովին: Կարծում եմ, որ սա ԱՄՆ-ի խնդիրը չէ, ուղղակի ադրբեջանական կողմը ծուղակ է գցել, եւ դրել են այդ հարցը, որ խնդրում ենք այդ հարցը բարձրացնել, եւ նորից Հայաստանի վրա են դնում մեղքը, եւ Ամերիկայի դիվանագետն ուղղակի ստիպված է եղել այդ հարցը բարձրացնել, ոչ թե սա ԱՄՆ-ի շահերից է բխում, բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում կամ շահագրգռված է, որ երկու ահաբեկչին վերադարձնել այդ ահաբեկչական պետություն»,- գտնում է Դ. Բաբայանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս