Բաժիններ՝

Երևանից հետո Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Ստեփանակերտ. «Արմենպրես»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու եւ Երեւան այցելությունից հետո կմեկնեն Ստեփանակերտ եւ հանդիպում կունենան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ Արցախում սպասում են համանախագահների այցին:

«Համանախագահները գրեթե միշտ այցելում են Ստեփանակերտ: Բացառիկ դեպքեր են եղել, երբ համանախագահները Ստեփանակերտ չեն այցելել: Դա կամ պայմանավորված է եղել եղանակային պայմաններով կամ էլ համանախագահները տարածաշրջան են այցելել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը կազմակերպելու համար»,- ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը չի փոխվել, սկզբունքները` նույնպես:

«Մեր դիրքորոշումը մնացել է նույնը, մենք այն բազմիցս ներկայացրել ենք եւ այս անգամ էլ պաշտոնական Ստեփանակերտը կներկայացնի իր տեսակետերը: Բնականաբար, քննարկումների կենտրոնում կլինեն սահմանային միջադեպերը: Մենք մի շարք առաջարկություններ կներկայացնենք Մինսկի խմբի համանախագահներին: Մասնավորապես, այս տարի Բաքվում կայանալու է Եվրոպական խաղերը եւ այդ ժամանակ, ինչպես ընդունված է, բոլոր տեսակի հակամարտությունները պետք է սառեցվեն: Սա պետք է քննարկվի: Նաեւ մեր ուշադրության կենտրոնում է հարցը, որպեսզի մեխանիզմներ մշակվեն սահմանային միջադեպերի առնչությամբ հետաքննություն իրականացնելու համար: Այս հարցը մի քանի անգամ ներկայացվել է Մինկի խմբի համանախագահներին»,- ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ համանախագահներն էլ են հասկանում եւ ընդունում այդ առաջարկությունը: Ըստ Բաբայանի, համանախագահներն այդ հարցը ներկայացրել են Ադրբեջանի իշխանություններին, սակայն պաշտոնական Բաքուն, ամենայն հավանականությամբ, այն մերժել է:

Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան: Փետրվարի 17-ին Հայաստանում համանախագահները կհանդիպեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս