Ժիրայր Սէֆիլյանը՝ Բերձորի դեպքերի մասին. «Զինված ոստիկաններն ու քրեական հանցագործները ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ էին»

«Ստեփանակերտի ադմինիստրացիան առաջնորդվում է գողական օրենքներով, նրանք տեղի զոն նայողներն են ու հայտնվել է մի ուժ, որը ցանկանում է փչացնել իրենց շեֆին: Մենք ասել ենք`ընտրեք ԼՂՀ իմիջը, թե Սերժի իմիջը, իրենք ընտրել են Սերժի իմիջը: Նրանք նախընտրեցին իրենց շեֆի գուրգուրանքը, ոչ թե Արցախի գուրգուրանքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը:

Նա ներկայացրեց Բերձորի դեպքերից առաջ տեղի ունեցած իրադարձությունները, թե ինչպես դեկտեմբերի 20-21-ին նախատեսված ավտոերթը հետաձգվեց, ինչպես հանդիպեցին Սեյրան Օհանյանի հետ, ով փոխանցեց Բակո Սահակյանի խնդրանքը, որ մտափոխվեն, ապա հրավեր ստացան Արցախից, ԼՂ ոստիկանապետը զանգել է իրենց և խնդրել, որ հրաժարվեն ավտոերթից, բայց մերժողական պատասխան է ստացել, ապա նշել է, թե Բակո Սահակյանը համաձայնել է, որ ավտոերթի փոխարեն ուղիղ եթերով իրազեկում լինի: Ժ.Սէֆիլյանի խոսքով՝ դրանից հետո որոշել են մեկնել Արցախ`բանակցելու, բայց Ստեփանակերտում Բակո Սահակյանն ասել է, որ այդպիսի խոստում չի տվել և փորձել է համոզել, որ ավտոերթ չանեն:

«Այդ օրը Բակո Սահակյանը մի այնպիսի խոստովանություն է արել, որ մենք ցնցվել ենք ու համոզվել, որ ճիշտ ենք վարվում: Նա խոստովանել է, որ իրենք երկար տարիներ է երազում էին մտնել ԵՏՄ: Մեզ համար շատ ցավալի էր այդպիսի միտք լսել մարդուց, ով ղեկավարում է արցախյան ճակատը, որի համար շատ մարդիկ արյուն են թափել: Իրենք խառնված էին, որ ՀՀ-ն կարողացել է մտնել ԵՏՄ, ԼՂՀ-ն չի կարողացել ու հիմա հնարքներ էին փնտրում»,- ասաց Սէֆիլյանը:

Ըստ նրա՝ դրանից հետո ընդլայնված հանդիպում է եղել ԼՂ դատախազի, ԱԱԾ-ի պետ, փոխվարչապետի հետ. «Մեր առջև նստած գեներալները քծնում էին Սերժ Սարգսյանին: Արցախում գեներալները նստել էին, նրանք կարծիք չունեին: Աղաբեկյանը նստել՝ գովաբանում էր Սաշիկին, Սերժի Սաշիկին, թե ինչ ներդրումներ է անում, ինչպես է թալանում ընդերքը»:

Ժ. Սէֆիլյանի խոսքով՝ տեղի ունեցածը պետք չէ վերագրել արցախցուն, քանի որ արցախցին կապ չունի այդ վայրենիության հետ, դա հատուկ կազմակերպված էր ռեժիմի կողմից՝ զինված ոստիկանների ու քրեական հանցագործների մասնակցությամբ, որոնք ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ էին: Նրա խոսքով՝ իրավապահները փաստերն ունեն, ցանկության դեպքում կարող են քր.գործ հարուցել, իսկ ինքը չի դեմել դրա համար:

Նա նշեց, որ իրազեկման խնդիրը լուծվեց, դժբախտաբար, այս դեպքով բոլորն արդեն գիտեն: Սէֆլիյանի խոսքով՝ դեպի Արցախ երթ կրկին կարող է լինել. «Սակայն եթե լինի, այս անգամ իմ նպատակը լոկ իրազեկումը չի լինելու: Արցախը Հայաստանից օտարելու, ցեմենտի պատ կառուցելու դեմ կարող է լինել»:

«Այս օրերին շատերը կփորձեն օգտագործել այս դեպքը և խորացնել ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև սեպը, բայց հորդորս է`զերծ մնալ նման բաներից»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս