Բաժիններ՝

Քննարկվեցին մերօրյա հերոսների փառաբանմանն ու պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանն ուղղված անվանակարգերում ստացված հայտերը

Փետրվարի 10-ին ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում քննարկվեցին «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» և «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգերում դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը։

Հիշեցնենք, որ 2015թ. ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 72 ՀԿ, որից 14-ը` «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում», 15-ը՝ «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում», 43-ը՝ «Հայոց ցեղասպանություն» թեմայով անվանակարգերում։

Մրցութային հանձնաժողովի փորձագետ-անդամ, ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվական քաղաքականության բաժնի պետի տեղակալ Հայկ Մարկոսյանը դրական գնահատեց ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթում մերօրյա հերոսների փառաբանմանը նվիրված ծրագրերի ընդգրկումը, դա մեծ խթան է ՀԿ-ներին։ Հայկ Մարկոսյանը նկատեց, սակայն, որ մրցույթին դիմած որոշ ՀԿ-ների ծրագրերում պակասում է ստեղծագործ միտքը։ Կարծես թե միանման են մտածում, և ծրագրերը շատ դեպքերում կրկնվում են։ Փորձագետը խորհուրդ տվեց ՀԿ-ներին իրենց նախաձեռնություններում ուշադրություն դարձնել մեր սահմանները պաշտպանող զինծառայողների հերոսական կերպարի ներկայացմանը, չմոռանալ այն տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհել են այսօրվա խաղաղության և անկախության համար։ «Մոտենում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը, որի կերտմանն իրենց մասնակցությունն են ունեցել նաև մեր հայրենակիցները։ Մեծ հայրենականի մասնակիցներից այսօր քչերն են մեր կողքին մնացել, նրանք էլ են մերօրյա հերոսներ, և նրանց նույնպես չպետք է մոռանալ։ Պետք է գնալ, նրանց հետ զրուցել, նրանցից օրինակ վերցնել։ Հայաստանում շարունակվում է փողոցային բարքերի դեմ պայքարը, և ՀԿ-ներն այս ոլորտում նույնպես անելիքներ ունեն։ Հասարակական սեկտորը պետք է ներգրավված լինի նաև տեղեկատվական դաշտում տարվող աշխատանքներում և այդ հարթության վրա պաշտպանի ՀՀ դիրքերը»,- նշեց Հայկ Մարկոսյանը։

Առաջիկա օրերին, մրցութային հանձնաժողովը, ամփոփելով քննարկումների արդյունքները, կներկայացնի դրամաշնորհային մրցույթում հաղթած ՀԿ-ների անունները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս