Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարությանը. Պերմյակովին բռնել են որպես սահմանախախտ, ինչո՞ւ չեն հանձնել հայկական կողմին

«Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Պերմյակովին բռնել են որպես սահմանախախտ, իսկ սահմանախախտներին, ըստ օրենքի, պետք է հանձնեն ՀՀ իրավապահ մարմիններին: Ինչո՞ւ Պերմյակովին չեն հանձնել հայկական կողմին, ինչպե՞ս պատահեց, որ նրան ոստիկանական պոստերի միջոցով տարան ռազմաբազա»,- այս հարցապնդումն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ դատախազին՝ քր.գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու համար, բայց ի՞նչ վարույթի մասին է խոսքը, երբ ՀՀ քննչական կոմիտեն ինքն է վարում սպանության գործը. «Եթե վարույթը ՌԴ-ում է, ՀՀ քննչական կոիտեն ի՞նչ է քննում»,- նկատեց նա: Փաշինյանը նաև հարցրեց, թե ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է արդյոք պաշտոնապես դիմել ՌԴ-ին:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարեց, թե Գյումրիում ընտանիքի սպանությունը ծանր հետք թողեց հանրության մեջ, իրավական բազմաթիվ խնդիրներ հարուցեց: Ըստ նրա՝ այս պահին իրականացվում են առանձին հանցակազմերով գործերի քննություններ, ՀՀ պաշտոնյաները համապատասխան բացատրություններ են տրվել, մասնավորապես՝ նաև դատախազի կողմից:

«Մենք մտահոգված ենք, որ գործը գտնվում է նախաքննության փուլում քաղաքական, հուզական հարցադրումները կարող են անհարկի միջամտություն լինել և խանգարել իրավական ընթացակարգերին»,- ասաց նախարարը:

Հ.Մանուկյանի խոսքով՝ առկա է որոշակի համագործակցության ՀՀ և ՌԴ համապատասխան մարմինների միջև, մասնավորապես՝ քննչական կոմիտեների մակարդակով համաձայնություն է ձեռք բերվել գործերի օրինականությունն ապահովելու համար, առկա է դատախազի միջնորդությունն իր ռուս գործընկերներին, պատասխանը շուտով կիմանանք: Նախարարը հույս հայտնեց, որ օրինական ու հանրության ընկալման արդարության տեսանկյունից կլինի ընդունելի:

«Ոչ ոք չէր սպասում, որ դուք ամբիոնին մոտենաք ու հուզական, քաղաքական հայտարարություններ անեք: Իմ հարցը կոնկրետ է՝ սահմանի խախտման փորձ կատարած մարդը պետք է հանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին: Պերմյակովը ձերբակալվել է սահմանը խախտելու փորձ կատարելիս: Ինչո՞ւ ՀՀ մարմինները չեն ապահովել իրավական դրույթի կատարումը: Ո՛չ հուզական, ո՛չ քաղաքական, կոնկրետ հարցիս տվեք կոնկրետ պատասխան»,- պահանջեց Ն.Փաշինյանը:

Հ.Մանուկյանը նշեց, թե «հուզականն ու քաղաքականը» պատգամավորին չէր վերաբերում: Նա հավաստիացրեց, թե ՀՀ-ն անում է ամեն ինչ՝ արդարության հասնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս