Բաժիններ՝

Ուկրաինական անօդաչուները մեկ օրում երրորդ անգամ են հարձակվել Wildberries-ի պահեստի վրա

Պերմի երկրամասում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Զամուլյանկա գյուղում գտնվող Wildberries-ի տեսակավորման կենտրոնում, ականատեսների կադրերի հիման վրա պարզել է Astra-ն։ Հրդեհի լուսանկարներն և տեսանյութերը հրապարակել է ուկրաինական Exilenova+ մոնիտորինգային ալիքը։ Նահանգապետ Դմիտրի Մախոնինը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը խոցել են 30 ԱԹՍ՝ հավելելով, որ «հարձակումը հետ մղելու հետևանքով չնչին ձևով երկու ոչ բնակելի շինություն է վնասվել»։ Ոչ ոք չի տուժել։

Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, հաղորդվել էր Պենզայի մարզում և Ուդմուրտիայում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնների ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հարվածների մասին։ Երկու օբյեկտներում էլ հրդեհ է բռնկվել։ Պենզայի մերձակայքում գտնվող պահեստում տուժել է մեկ մարդ․ նրան հոսպիտալացրել են, իսկ ևս 200 աշխատակցի՝ տարհանել։ Մարկետփլեյսի մամուլի ծառայությունից հայտնել են վնասված օբյեկտի աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին։ Պենզայի մերձակայքում գտնվող լոգիստիկ համալիրի մակերեսը կազմում է շուրջ 90 հազար քառակուսի մետր․ այն սպասարկում է Պովոլժիեի ամբողջ դաշնային օկրուգը։ Ուդմուրտիայի Սարապուլ քաղաքում ուկրաինական անօդաչուները խոցել են 50 հազար քառակուսի մետր մակերեսով պահեստը։ Անձնակազմը նախապես տարհանվել էր, տուժածներ չկան։

Ուկրաինայի զինված ուժերը Wildberries-ի բաշխիչ կենտրոններին սկսել են հարվածել հուլիսի 18-ից, և այդ պահից ի վեր թիրախավորել են նման 16 օբյեկտ։ «Վերստկա»-ի հաշվարկներով՝ մինչև հուլիսի 29-ը շարքից դուրս է բերվել մարկետփլեյսի պահեստային տարածքների ավելի քան 15%-ը կամ 860 հազար քառակուսի մետր։ Ամենամեծ կորուստը դարձել է Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքի համալիրը, որտեղ մոխրացել է 250 հազար քառակուսի մետր տարածք և զոհվել մեկ աշխատակից։ Եվս շուրջ 170 հազար քառակուսի մետր պահեստային տարածք էլ վնասվել է հուլիսի 29-ի առավոտյան Ռյազանում։ Առանց հրդեհների են անցել Մոսկվայի մարզի Կոլեդինոյի, Եկատերինբուրգի, Վորոնեժի և Զելենոդոլսկի (Թաթարստան) օբյեկտների վրա հարձակումները։

Հարվածների շարքից հետո Wildberries-ը սկսել է նոր պահեստներ փնտրել, սակայն, ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, տարածքների սեփականատերերը վարանողաբար են վարձակալության պայմանագրեր կնքում՝ անօդաչուների հարձակումների ռիսկի պատճառով։ Ընկերությունը դիտարկում է նաև Ղազախստանի տարածքները։ Reuters-ի տվյալներով՝ բացի այդ, մարկետփլեյսի հիմնադիր Տատյանա Կիմը աջակցության համար դիմել է ՌԴ կառավարությանը՝ խնդրելով հարկային արտոնություններ տրամադրել իրենց՝ վաճառողների կրած վնասները փոխհատուցելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031