22 տարվա ազատազրկում. կայացվել է Արմեն Սարգսյանի սպանության մեղսակցի դատավճիռը. Մանուկյանն իրեն մեղավոր չի ճանաչել
Զինվորական դատարանը Վարաժ Մանուկյանին դատապարտել է 22 տարվա ազատազրկման՝ մոսկովյան «Алые паруса» բնակելի համալիրում տեղի ունեցած ահաբեկչության գործով, որտեղ անցյալ տարվա փետրվարին զոհվել էր «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը։ Բացի այդ, դատարանը դատապարտյալից հօգուտ բնակելի համալիրի և տուժած պահակի բռնագանձել է 6,77 միլիոն ռուբլի։
Քննությունը պարզել է, որ Մանուկյանն ապահովել է պայթուցիկ սարքի փոխադրումն ու պահպանումը, այնուհետև հեռակա կարգով գործի է դրել այն։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել։ Վերջին խոսքում նա խնդրել է արդարացնել իրեն և բաց թողնել ընտանիքի մոտ՝ հայտարարելով, թե հանցագործություն չի գործել։
Պայթյունից հետո գործը վերաորակվել է որպես ահաբեկչություն։ Քննչական կոմիտեի և Անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) տվյալներով՝ կազմակերպիչները եղել են ուկրաինական հատուկ ծառայությունները, իսկ կատարողները՝ էթնիկ հանցավոր տարրերը։ Հեռակա պայթեցման այս սխեման Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՍԲՈՒ) կիրառել էր նաև գեներալ Իգոր Կիրիլլովի և նրա օգնական Իլյա Պոլիկարպովի կյանքը խլած ահաբեկչության ժամանակ։

