Իրաքի վարչապետն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների պատճառով
Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ ազ-Զայիդին հուլիսի 29-ին Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել։ Այս մասին հաղորդում է Իրաքի լրատվական գործակալությունը (INA)։
Մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ «նիստը հրավիրվել է անվտանգության իրավիճակի և այսօր առավոտյան երկրի վրա իրականացված ավիահարվածների ֆոնին»։
Նաև նշվում է, որ նիստից հետո մանրամասներ կհրապարակվեն իրադարձությունների ընթացքի և կայացված որոշումների վերաբերյալ։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իրաքի կառավարության աղբյուրը հայտնել է, որ վարչապետի՝ Սաուդյան Արաբիա կատարելիք այցը հետաձգվել է։ Պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում էր մի քանի ոլորտում փոխըմբռնման հուշագրերի ստորագրում, ինչպես նաև երկու երկրների միջև անվտանգության համակարգման և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ քննարկումներ։
Իրաքյան իշխանությունները դատապարտել են երկրի ինքնիշխանության դեմ հարձակումը և անվտանգության ուժերի թիրախավորումը։
Ավելի վաղ Իրաքի «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժեր» (Popular Mobilization Forces) խմբավորումը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից երկրի յոթ նահանգներում իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 զինյալ, վիրավորվել՝ 32-ը։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը մինչ այդ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ուժերը հարվածել են Իրաքում Իրանի կողմից աջակցվող խմբավորումների թիրախներին՝ ի պատասխան ամերիկյան ուժերի և թագավորության էներգետիկ ենթակառուցվածքի դեմ հարձակումների։

