Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում ավարտվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի բանակցությունները։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հանդիպումը տևել է ավելի քան կես ժամ։
Հուլիսի 23-ին կայացած հանդիպումը կազմակերպվել է Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում։
Հանդիպմանը քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ հանդիպման նախաձեռնությունը պատկանում է ամերիկյան կողմին։
Հանդիպումից առաջ Associated Press լրատվական գործակալությունը գրել էր, որ սա ԱՄՆ-ի հերթական միջնորդական փորձն է՝ ավարտելու պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։
Մինչև հանդիպումը՝ հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում Ռուբիոն հայտնել էր, որ նախատեսում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել Ուկրաինայի հակամարտությունը՝ նշելով, որ ԱՄՆ-ն շարունակում է պատրաստակամ մնալ դերակատարություն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում, «եթե նման հնարավորություն ստեղծվի»։
Նա ընդունել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում այդ ուղղությամբ ջանքերը «որոշ չափով թուլացել են», սակայն նշել է, որ հանդիպման ընթացքում կփորձեն պարզել՝ արդյոք կա բանակցությունները վերսկսելու հնարավորություն։
«Մենք պետք է հարաբերություններ պահպանենք Ռուսաստանի կառավարության հետ, նույնիսկ եթե կան տարաձայնություններ», – ասել է Ռուբիոն՝ ընդգծելով, որ խոսքը երկու խոշորագույն միջուկային տերությունների մասին է։

