Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։
Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությանը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և Իսպանիայի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերը։
Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի ազգային հավաքականի հաղթանակի կապակցությամբ։
Թուրքիայի նախագահը նշել է, որ առանձնահատուկ գնահատում է այն հանգամանքը, որ Գազայի բնակիչները, չնայած հատվածում ստեղծված ավերածություններին, մեծ ոգևորությամբ հետևել են աշխարհի առաջնության հանդիպումներին և ուրախացել Իսպանիայի չեմպիոնությամբ։ Նրա խոսքով՝ Իսպանիայի դիրքորոշումը պաղեստինյան հարցում արժանացել է աշխարհի բազմաթիվ ֆուտբոլասերների աջակցությանը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակչում մրցեց Արգենտինայի հավաքականի հետ և հաղթանակի հասավ 1-0 հաշվով՝ դառնալով աշխարհի չեմպիոն։
Էրդողանը նաև գոհունակություն է հայտնել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Սանչեսին հյուրընկալելու հնարավորության համար և նշել, որ ուրախ կլինի կրկին ընդունել Իսպանիայի վարչապետին Թուրքիայում 2027 թվականի սկզբին նախատեսված թուրք-իսպանական միջկառավարական գագաթնաժողովի շրջանակում։

