Ճապոնուհին դարձել է երկրում առաջին գործող քաղաքապետը, որը մայրության արձակուրդ է վերցրել
Ճապոնիայի փոքր քաղաքներից մեկի քաղաքապետը դարձել է երկրում առաջին գործող քաղաքապետը, որը մայրության արձակուրդ է վերցրել․ գրում է Reuters գործակալությունը։
Շուրջ 69․000 բնակիչ ունեցող Յավատա քաղաքի քաղաքապետ Շոկո Կավատան հայտարարել է, որ ծրագրել էր երեխաներ ունենալ դեռևս 2023 թվականին, երբ 33 տարեկանում դարձավ Ճապոնիայի ամենաերիտասարդ կին քաղաքապետը։
Կավատայի խոսքով՝ Յավատայի քաղաքապետարանի աշխատակիցներին տրամադրվում է 16-շաբաթյա մայրության արձակուրդ, սակայն քաղաքապետի պաշտոնի համար նման ընթացակարգ սահմանված չէր, ուստի նա ստիպված է եղել ինքը մշակել համապատասխան կարգավորում։
«Շատ զարմացա՝ իմանալով, որ առաջին քաղաքապետն եմ, որը մայրության արձակուրդ է վերցնում։ Հասկացա, որ մինչ այժմ քաղաքապետի պաշտոնը ստանձնած երիտասարդ կանայք կամ ընդհանրապես կանայք շատ չեն եղել», – ասել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ տեղի բնակիչների մեծ մասն աջակցել է իր որոշմանը, իսկ գործընկերները խրախուսել են։ Կավատան, սակայն նշում է, որ իր արձակուրդի վերաբերյալ լայնածավալ լուսաբանման ֆոնին ի հայտ են եկել առցանց որոշ քննադատություններ:

