Մեզ առաջադրված կեղծ մեղադրանքներից մեկը վերաբերում է 44-օրյա պատերազմին, Դուք եք եղել գերագույն հրամանատարը. Բաքվից գեներալ Դավիթ Մանուկյանի խոսքը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին
ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով հրապարակային դիրքորոշում հայտնել իրենց նկատմամբ հնչող մեղադրանքներին։
«Ես և իմ ընկերները Բաքվի դատարանում շարունակում ենք մեր արդար պայքարը` չթույլատրելով նվաստացնել մեր իրավունքները, ինչպես նաև հայ ժողովրդի և հայոց պետականության իրավունքները։ Մեզ առաջադրվել է «Ագրեսիվ պատերազմ պլանավորելու, նախապատրաստելու և սանձազերծելու կամ վարելու» վերաբերյալ հոդվածով մեղադրանք` չնայած մեր բերած բոլոր անհերքելի ապացույցներին և փաստերին։ Այժմ խոսքս ձեզ եմ ուղղում` Նիկոլ Փաշինյան, հորդորում եմ հենց այդ մեղադրանքի մասով հանրային դիրքորոշում ներկայացնել»,– ասել է Մանուկյանը։
Նա ընդգծել է, որ չարձագանքելու դեպքում Փաշինյանը մեղսակից է դառնում ստեղծված իրավիճակին, ու կնշանակի, որ ինքն էլ համաձայն է կեղծ մեղադրանքներին։
Մանուկյանը նաև ցանկանում է իմանալ, թե ՀՀ ղեկավարությունն ինչ դիրքորոշում ունի Բաքվում գտնվող գերիների կարգավիճակի վերաբերյալ։
Բա ընդգծել է` Բաքվի բանտում գտնվողները չեն զգում Հայաստանի աջակցությունը, շունչը, բայց կյանքն է այդպիսին։

