Մի շարք երկրներ պարտավորվել են ներդրումներ անել ԱՄՆ-ում՝ Հորմուզի նեղուցի պաշտպանության համար․ Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պարսից ծոցի մի շարք երկրներ պարտավորվել են ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում՝ Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունն ապահովելու դիմաց։
«ԱՄՆ-ն կշարունակի անել անհրաժեշտ ամեն ինչ միջազգային նավագնացությունը պաշտպանելու համար, սակայն մյուս երկրները նույնպես պետք է ակտիվանան և ռեսուրսներ կամ ֆինանսներ տրամադրեն՝ այս բեռը կիսելու համար։ ԱՄՆ-ն պարտավոր չէ հավերժ նավագնացություն ապահովել ողջ մոլորակի համար։ Նմանատիպ ներդրումների վերաբերյալ որոշակի պարտավորություններ արդեն ստանձնվել են, և կան այլ երկրներ, որոնք պարտավորություններ կստանձնեն ապագայում», — լրագրողներին ասել է նա։
ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը հավելել է, որ տարածաշրջանի երկրները «նման ներդրումներ անելու համար պետք է եկամուտներ ստանալու հնարավորություն ունենան, ինչն անհնար կլինի, եթե նրանց նավթն ու գազը շուկա չհասնեն»։

