Մարին Լը Պենը դատարանի որոշումից հետո սկսել է նախագահական արշավը

Ֆրանսիական աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը սկսել է նախագահական արշավը, երբ վերաքննիչ դատարանը կրճատել է ընտրովի պաշտոններ զբաղեցնելու նրա արգելքի ժամկետը, գրում է The Guardian-ը:

Դա նրան հնարավորություն է տվել մասնակցել 2027 թվականի նախագահական ընտրություններին:

«Ես քաղաքացի եմ, ինչպես բոլորը, և օգտվում եմ իմ իրավունքներից»,- չորեքշաբթի հայտարարել է Լը Պենը՝ ընդգծելով, որ իր հետագա ճակատագիրը պետք է որոշեն ընտրողները:

Նախօրեին վերաքննիչ դատարանը հաստատել էր Լը Պենի մեղադրական դատավճիռը Եվրախորհրդարանում կեղծ աշխատատեղերի սխեմայի վերաբերյալ գործով: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Եվրախորհրդարանի միջոցներից ավելի քան 2,8 միլիոն եվրոյի հափշտակության կազմակերպմանն առնչություն ունենալու մեջ, որոնք, ըստ քննության վարկածի, 2004-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում ուղղվել են կուսակցության ֆինանսավորմանը:

Միաժամանակ, դատարանը կրճատել է ընտրություններին մասնակցելու արգելքի ժամկետը, ինչը Լը Պենի համար նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորություն է բացել: Այնուամենայնիվ, նրա նկատմամբ նշանակվել է նաև պատիժ՝ ազատության սահմանափակում էլեկտրոնային թևնոցի կիրառմամբ, որը պետք է վերահսկեր նրա տեղաշարժը: Ավելի վաղ Լը Պենը հայտարարել էր, որ նման պայմաններում չի մասնակցի ընտրություններին:

Քաղաքական գործիչը հայտնել է, որ մտադիր է որոշումը բողոքարկել Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանում: Նա հավելել է, որ քանի դեռ բողոքը քննվում է, պատժի կատարումը կասեցվում է, ուստի ինքը կկարողանա արշավն իրականացնել առանց էլեկտրոնային թևնոցի:

Լա Ֆլեշ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Լը Պենը հայտարարել է, որ իրեն անմեղ է համարում և մտադիր է կենտրոնանալ քաղաքական օրակարգի վրա, ներառյալ կյանքի թանկության, անվտանգության, ապաարդյունաբերականացման և բնակչության եկամուտների մակարդակի հարցերը:

Նրա հնարավոր մասնակցությունն ընտրություններին արդեն իսկ արժանացել է քաղաքական ընդդիմախոսների քննադատությանը: Ձախ և կենտրոնամետ ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ Լը Պենի թեկնածությունը կախված է դատարանի որոշումից, և որ նրա նախընտրական արշավը հայտնվել է իրավական անորոշության մեջ:

Գործով վերջնական որոշումը կարող է կայացնել Վճռաբեկ դատարանը: Եթե այն անցնի Լը Պենի կողմը, գործը կարող է ուղարկվել նոր քննության: Իսկ եթե մեղադրական դատավճիռը վերջնականապես հաստատվի, քաղաքական գործիչը տեսականորեն կարող է բախվել պատժի կրումը նախագահական ընտրություններից կարճ ժամանակ առաջ սկսելու անհրաժեշտությանը:

Միաժամանակ, եթե Լը Պենը հաղթի ընտրություններում նախքան որոշման ուժի մեջ մտնելը, նա կկարողանա օգտվել նախագահական անձեռնմխելիությունից պաշտոնավարման ամբողջ ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031