Եվրահանձնաժողովը հայտնել է էներգիայի պահպանման համակարգերի զարգացման վերաբերյալ ԵՄ առաջին եռակողմ համաձայնագրի մասին
Եվրահանձնաժողովը հայտարարել է Եվրամիության պատմության մեջ առաջին եռակողմ համաձայնագրի մեկնարկի մասին՝ պետական հատվածի, արդյունաբերության և ֆինանսական ինստիտուտների միջև, որն ուղղված է էներգիայի պահպանման համակարգերի (կուտակիչների) զարգացմանը:
Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը հայտարարել է, որ էներգիայի կուտակիչները էներգետիկ անցման «պակասող օղակն» են և կարևոր գործիք՝ Եվրոպայում էներգիայի մրցունակության, կայունության ու մատչելիության բարձրացման համար: Ըստ նրա՝ համաձայնագիրը պետք է ներդրողներին ավելի մեծ որոշակիություն և թափանցիկություն ապահովի նախագծերի իրականացման գործում։
Նախաձեռնության շրջանակում Եվրահանձնաժողովը մեկտեղել է ԵՄ երկրների էներգետիկայի նախարարներին, էներգիայի պահպանման տեխնոլոգիաներ մշակողներին, արտադրողներին, վերականգնվող էներգետիկայի ոլորտի ընկերություններին, էներգատար արդյունաբերության հիմնարկներին և ֆինանսական կազմակերպություններին։ Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել հունիսի 26-ին Լյուքսեմբուրգում՝ ԵՄ էներգետիկայի նախարարների խորհրդի նիստի շրջանակում։
Բրյուսելում նշում են, որ համաձայնագրի նպատակն է՝ կարճաժամկետ հեռանկարում արագացնել էներգիայի պահպանման համակարգերի ներդրումը և բարձրացնել էլեկտրաէներգետիկական համակարգի ճկունությունն ու հուսալիությունը։ Դա պետք է նպաստի էներգիայի արժեքի նվազեցմանը և վերականգնվող աղբյուրների առավել արդյունավետ ինտեգրմանը։
Ընդգծվում է նաև, որ միայն վերականգնվող էներգետիկայի մեջ կատարվող ներդրումները բավարար չեն համակարգի կայունության համար, և անհրաժեշտ է օպտիմալացնել ամբողջ էներգետիկ ենթակառուցվածքը՝ էներգիայի պահպանման զարգացման հաշվին։
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ 22 երկիր արդեն պարտավորություններ է ստանձնել զարգացնելու պահպանման հզորությունները, որոնք առաջիկա երկու տարում կարող են կազմել 30-ից մինչև 35 ԳՎտ։

