Բունդեսվերի գեներալ. Եվրոպային ԱՄՆ-ից հստակություն է պետք ռազմական ծրագրերի վերաբերյալ
Եվրոպան արագացված տեմպերով մեծացնում է ռազմական ծախսերը, սակայն այդ ծրագրերի հաջող իրականացման համար նրան ժամանակ և ԱՄՆ-ի կողմից հստակություն է անհրաժեշտ։
Այս մասին հայտարարել է Գերմանիայի Բունդեսվերի գլխավոր տեսուչ Կարստեն Բրոյերը Bloomberg TV-ին տված հարցազրույցում՝ «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության համաժողովի շրջանակում։
Մեկնաբանելով ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հայտարարությունները եվրոպական երկրների հասցեին՝ Բրոյերը նշել է, որ Գերմանիան արդեն իրականացնում է պաշտպանական բյուջեի լայնածավալ ավելացում։
Ըստ նրա, երկիրը պարտավորություն է ստանձնել պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 3,5%-ի մակարդակին հասցնել սահմանված ժամկետից զգալիորեն շուտ՝ արդեն 2029 թվականին, այսինքն՝ ՆԱՏՕ-ի շրջանակում նախնական պայմանավորվածություններից վեց տարի շուտ։
Նա ընդգծել է, որ Եվրոպայի վերազինման գործընթացը գտնվում է ակտիվ փուլում, սակայն պահանջում է համաձայնեցվածություն ԱՄՆ-ի հետ և կանխատեսելիություն տրանսատլանտյան փոխգործակցության մեջ։



