«Հրապարակվել է էկզոտիկ հարցման արդյունքներ. Մարդկանց հիմարի տեղ դնել չի կարելի՝ ուղղակի չի կարելի». Դավիթ Ջամալյան
Օրերս հրապարակվեց IRI-ի հարցման արդյունքները, թե հայ քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ ինչ վստահություն ունեն մարդիկ: Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից հրապարակած հարցման արդյունքների, Նիկոլ Փաշինյանն առաջատար է՝ 29 տոկոսով, նրանից հետո բարերար, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն է՝ 8 տոկոսով, որին հաջորդում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, ով այս ընթացքում հետևում է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին, նրա նկատմամբ հանրության մեծ մասի վերաբերմունքին, վստահ է՝ առհասարակ այդ հարցման արդյունքները չեն արտացոլում իրականությունը։
«Հրապարակվել է մի էկզոտիկ հարցման արդյունքներ, համաձայն որի՝ ոչ ավելի, ոչ պակաս, որևէ ընդդիմադիր առաջատար ուժ չի հատում ստորին նվազագույն անցողիկ շեմը, իսկ մեր երկիրն աղետի առաջ կանգնեցրած Նիկոլ Փաշինյանը հավակնում է ամենաբարձր ձայներին։
Մարդկանց հիմարի տեղ դնել չի կարելի՝ ուղղակի չի կարելի, բոլոր նրանք, ովքեր փորձում են մարդկանց հիմարի տեղ դնել, ի վերջո, նրանք են հայտնվում շատ հիմար վիճակում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ջամալյանը։
Ըստ նրա, Միջազգային հանրապետական ինստիտուտն ամերիկյան փափուկ ուժի, ազդեցության տարածման գործիք է, և քանի որ գործող Թրամփի վարչակազմին ձեռնտու է այս իշխանության վերարտադրությունը, իրենք իրենց հովանավորյալին ահա այսպիսի ծառայություն են մատուցում։
«Սա, իհարկե, արջի ծառայություն է, փորձում են սոցիոլոգիան վարկաբեկելով՝ փիառի ծառայեցնել, ու իրականությունից հեռու մի թիվ են նկարում։ Ամերիկյան կողմը հուսալի քայլ է ձեռնարկել Հայաստանում իր խամաճիկին օգնելու, որպեսզի վերարտադրվի։
2 տարի 8 ամիս առաջ Երևանում ՏԻՄ ընտրություններ էին, այս իշխանությունը չկարողացավ մեծ արդյունք ստանալ, մոտ 3 տարի առաջ Երևանում արդեն հենարան չուներ օրվա իշխանությունը։ 3 տարվա ընթացքում Տիգրան Ավինյանն այնքան անհարմարություններ է պատճառել Երևանին ու երևանցիներին, որ հիմա եթե մեկի մոտ Տիգրան Ավինյանի անունը տաս, մարդու մոտ դժվար զսպվող էմոցիոնալ ցասում է առաջանում։ Ու նման նկարագիր ունեցող իշխանությունը նման բարձր ցուցանիշ ունի՞ հարցման արդյունքներում՝ ծիծաղելի է»,- հավելեց Դավիթ Ջամալյանը։
Նրա բնորոշմամբ՝ այս հարցումներն ուղղակի վիրավորում են հայ հասարակությանը, նման արդյունքների հրապարակումը նշանակում է վիրավորել մարդկանց ու նրանց հիմարի տեղ դնել։ Այդ տվյալներին նույնքան լուրջ չպետք է վերաբերվել, որքան, օրինակ, եթե ասեն, թե Նիկոլ Փաշինյանն ունի 110 տոկոս աջակցություն։
«Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժերը մեծ վարկանիշ ունեն, սա է Նիկոլ Փաշինյանին ցնցումների մեջ գցել, դրա համար հարցման արդյունքները չպետք է լուրջ ընդունել»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը։



