«Ենի Ազերբայջանի» համարը՝ հունիսի 7-ի քվեաթերթիկում

Եթե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական շահը պաշտպաներ նույնքան նախանձախնդրորեն, որքան այսօր պաշտպանում է սեփական իշխանությունը, պետությունը կլիներ միանգամայն այլ վիճակում, քան է այսօր:

Եզրահանգումը, թե նա սեփական իշխանությունն ավելի շատ է սիրում ու կարևորում, քան պետությունը, ճշմարտացի է, բայց ամբողջությամբ չի արտահայտում տեղի ունեցողի ներքին տրամաբանությունը: Իսկ այսօր կատարվողի պատճառահետևանքային կապն այն է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվում է պահպանել իշխանությունը պետության ու հասարակության համար կենսական նշանակություն ունեցող հասկացությունների նշանակության հիմնարար նենգափոխմամբ:

Մասնավորապես՝ նա ամբողջությամբ փոխել է ներքին և արտաքին թշնամիների տեղերը և պետությունն արտաքին թշնամիների ոտքերի տակ դնելով՝ սեփական իշխանությունն ատամներով պաշտպանում է իր կողմից թշնամի հռչակված քաղաքական հակառակորդներից:

«Սատկացնելու եմ», «կզզցնելու եմ»… և նման հիստերիկ այլ պոռթկումները, որոնցով նա սպառնում է քաղաքական հակառակորդներին, իրականում նրա ենթագիտակցությունից դուրս մղվող այն բարդույթներն են, որոնք առաջացել են այլևս «խաղաղության երաշխավոր» արտաքին թշնամիներից իրեն հասցված նվաստացումներից: Այլ խոսքերով, նա «սատկացվելով», «կզացվելով» Ադրբեջանի կողմից, բայց դրա դիմաց պահպանելով իշխանությունը, սուբլիմացնում է սեփական ստորացումը:

Բայց պետության տեսանկյունից խնդիրը ո՛չ էսթետիկան է, ո՛չ էլ Փաշինյանի հոգեբանական վիճակը: Ավելի կարևոր է, որ այս իրականությունն արտահայտում է Հայաստանի քաղաքական համակարգի, ընտրական գործընթացի ու որպես հետևանք՝ պետականության խեղված վիճակը:

Ներքին ու արտաքին թշնամիների տեղերի փոփոխությունը վկայում է, որ իրական արտաքին թշնամին Փաշինյանի իշխանության կողքին ու նրա համար պայքարում է Հայաստանի ընտրություններին մասնակցող ոչ իշխանական կուսակցությունների դեմ: Պայքարում է ոչ թե Փաշինյանի անջինջ աչքերի, այլ սեփական շահերի համար, իսկ սեփական շահը ենթադրում է ամեն գնով պահպանել նրա իշխանությունը:

Ինքնիշխանության ու անկախության մասին ամեն պիկապից կոկորդ պատռող իշխանությունը Հայաստանն ուղղակիորեն հանձնել է արտաքին կառավարման և հունիսի 7-ին ցանկանում է վերահաստատել սատրապի իր կարգավիճակը:

Սա սկզբունքորեն փոխում է ընտրություների իմաստն ու նշանակությունը, և դա հանրությանը բացատրելու համար մնացել է ուղիղ երկու շաբաթ: Հունիսի 7-ի ընտրությունը գաղափարների մասին չէ, ծրագրերի մասին չէ, անձերի մասին չէ:

Այդ օրը ՀՀ քաղաքացիները պետք է պատասխանեն պարզագույն հարցի՝ համաձա՞յն են արդյոք, որ Հայաստանը ղեկավարեն Ադրբեջանի շահերն առաջ մղող հայի անուն-ազգանուններով մարդիկ, թե՞ այդուհանդերձ ցանկանում են հնարավորություն տալ ինչ-որ բան փրկել Հայաստանի պետականությունից: Սա այլևս այնքան ակնհայտ երկընտրանք է, որպիսին կլիներ, եթե ընտրություններում 16 համարի քվեաթերթիկի վրա ՔՊ-ի փոխարեն՝ գրված լիներ «Ենի Ազերբայջան»:  

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031