Օնի՛կ Գասպարյան, ի՞նչ փակ քննարկում, հլը մի հատ բաց ասա, Օհանյանը քեզ ու Նիկոլ Անհողին մեղադրեց դավաճանության մեջ. Գագիկ Համբարյան

Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի քարոզարշավն ամբողջությամբ կառուցված է ատելության, հասարակության պառակտման, կեղծիքի և ստի վրա։ Նիկոլ Փաշինյանը խաբում է հասարակությանը։ Իսկ ընդհանուր առմամբ, նրա քարոզարշավը, իբր թե տեղերում աջակիցներ ունենալը՝ 95 տոկոսով բեմականացված է։ Այս մասին 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի հետ հարցազրույցում նշել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով իշխող և ընդդիմադիր ուժերի նախընտրական քարոզարշավի թեմայի շուրջ։

Քաղաքագետն ընդգծում է, որ Փաշինյանի քարոզարշավի թիվ 1 բրենդը՝ իր քարոզած «խաղաղությունը», իրականում գոյություն չունի։

«Մեկը չկա՝ հարցնի, թե ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Ինքը սիրում է, չէ՞, խոսել «կադաստրի վկայական» ունենալ-չունենալուց։ Ասում է. «Հայաստանը կադաստրի վկայական չունի»։ Հիմա ես հարց եմ տալիս՝ Նիկոլի խաղաղությանը հավատացողները մի հատ հարցրե՞լ են՝ էդ խաղաղության «ծննդյան վկայականն» ունե՞ս։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը պատերազմների վերջնարդյունքը լուծվում է մեկ տարբերակով՝ խաղաղության պայմանագրով։ Հիմա հարց՝ մենք ունե՞նք այդ պայմանագիրը։

Կարդացեք նաև

Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Խնդիրը հենց սրանում է, որ Նիկոլը խաբում է հասարակությանը։ Նա մարդկանց խաբում է դե ֆակտո գոյություն ունեցող խաղաղությամբ, որի թիվ 1 շահառուն թուրք-ադրբեջանական տանդեմն է, որովհետև այդ զինադադարը, որ գոյություն ունի մինչև հիմա հայ-ադրբեջանական շփման գծում, չպահպանվի ադրբեջանցիների կողմից, ապա թիվ 1 խնդիր ունեցողը լինելու է նրանց շահառու Նիկոլ Անհողը, և դրա համար էլ իրենք այս պահին այդ խաղաղությունը պահպանում են, բայց խնդիրն այն է, որ ներկայիս գործընթացները միջազգային հարաբերություններում և դիվանագիտական ոլորտում ցույց են տալիս, որ նույնիսկ դե յուրե կնքված պայմանագրերը չեն ապահովագրում որևէ երկրի նոր ագրեսիայից կամ նկրտումներից»,- մեկնաբանեց Գագիկ Համբարյանը։

Խոսելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ակնհայտ տարածքային նկրտումների, շարունակական պահանջների, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի նախապայմանի, Հայաստանն ադրբեջացիներով բնակեցնելու նրանց ծրագրերի և դրանցից բխող վտանգների մասին՝ Գագիկ Համբարյանը նախ շեշտում է, որ «խաղաղությունը» բրենդ դարձրած Նիկոլ Փաշինյանն այժմ շանտաժի է ենթարկում հայ հասարակությանը՝ ասելով, թե՝ «ես չլինեմ՝ պատերազմ կլինի», իսկ եթե նրան հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը Հայաստանում, հաջորդիվ շանտաժ է անելու, թե՝ «եթե Սահմանադրությունը չփոխեցինք, խաղաղություն չի լինելու», «եթե ադրբեջանցիները չեկան Հայաստանում ապրելու, խաղաղություն չի լինելու», և այսպես շարունակ։

Գագիկ Համբարյանն ահազանգում է վերահաս վտանգների մասին՝ նշելով, որ Ադրբեջանը չի բավարարվելու, այսպես կոչված՝ «անկլավներով»։ Նա ընդգծում է արցախահայության իրավունքների և ադրբեջանցիների ինչ-ինչ ցնորամիտ նկրտումների միջև հավասարության նշան դնելու Փաշինյանի փորձերի անընդունելիությունը՝ նշելով, որ, եթե նույնիսկ Ադրբեջանը վերադարձնի հայկական Արծվաշենը, հայերն այս պայմաններում չեն վերադառնալու Արծվաշեն, որովհետև ադրբեջանցիներն անելու են ամեն ինչ՝ հայերի կյանքն այնտեղ դժոխքի վերածելու համար։

Այս համատեքստում քաղաքագետը հավելեց, որ ըստ միջազգային զեկույցների՝ 1988-89թթ. Հայաստանը լքած ադրբեջանցիներն իրավունք չունեն համարվելու փախստականներ, քանի որ նրանց մեծ մասը վաճառել է իր գույքը Հայաստանում և վերադարձել է Ադրբեջան, իսկ նրանք, որոնք լքել են այն ժամանակ դեռ Խորհրդային Հայաստանի տարածքն առանց գույքը վաճառելու, Հայկական ԽՍՀ բյուջեից ստացել են փոխհատուցում։

Հայաստանը 21-րդ դարի մեթոդներով՝ «դոլարային էքսպանսիայի», սողացող նվաճման մեթոդներով նվաճելու ադրբեջանական նկրտումների վտանգավոր հեռանկարը նկարագրելով՝ Գագիկ Համբարյանն ընդգծում է, որ դա կանխելու միակ տարբերակը Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը թույլ չտալն է։

«Նիկոլը պետք է չվերարտադրվի։ Վե՛րջ։ Եթե Նիկոլը մնաց իշխանության, էս բոլոր իմ ասած սցենարները՝ կապված թուրքերի հետ, ամբողջությամբ տեղի են ունենալու»,- նշում է քաղաքագետը։

Գագիկ Համբարյանը կարծում է, որ ղրղըզ գրող Չինգիզ Այթմատովի հայտնի ստեղծագործության բառով ասած՝ Նիկոլ Փաշինյանը դասական «մանկուրտ» է։ Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ամոթ չունի։

«Նիկոլը դասական մանկուրտ է։ Դրեք նրա ելույթները մինչև 2020 թվականը և դրեք նրա ելույթները 44-օրյա պատերազմից հետո. ամբողջությամբ՝ 180 աստիճանով լրիվ հակառակ բաներ է խոսում, և խնդիրն այն է, որ իր մանկուրտության նպատակը մեկն է՝ ամեն գնով պահել իշխանությունը, որովհետև էս ընտրություններն իր համար կյանքի ու մահվան հարց են։ Նա դասական քաղաքական պայքար չի տանում, նա պայքարում է իր կյանքի համար, որովհետև ինքը շատ լավ գիտի՝ ինքն այնքան հանցանքներ է գործել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որ ոչ մի պարագայում չի կարող ոչ միայն Հայաստանում, այլև դրսում ապրել, որովհետև ինքը վախենում է նորանոր Սողոմոն Թեհլերյաններից։

Ինքը հայ ժողովրդին էնքան վնաս է տվել, որքան Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, և հանցագործությունը միայն մարդկանց քանակով սպանդի ենթարկելը չէ. աշխարհում ամենաթանկ բանը հողն է, իսկ ինքը, պատերազմի արդյունքները կոպտորեն խախտելով, 4-5 անգամ ավելի շատ հող է նվեր տվել Ադրբեջանին, քան մենք կորցրել ենք պատերազմի ժամանակ։ Դա ամենամեծ դավաճանությունն է։ Նման բան ես չեմ տեսել պատմության մեջ,- ասում է Գագիկ Համբարյանը և հավելում,- Էս մարդն ամոթ չունի։ Էս մարդը, եթիմի նման, բուկլետներն առած, մոտենում է մարդկանց՝ խախտելով նրանց անձնական տարածքը։ Ո՞վ է իրեն թույլ տվել նաև նկարահանել այդ մարդկանց։ Ոչ ոք թույլ չի տվել։ Նա, մարդու իրավունքները խախտելով, զոռբայությամբ փորձում է իր ուզածն առաջ տանել, որն աննորմալություն է։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ  իր քարոզարշավին, ապա նշեմ, որ 95 տոկոսով լրիվ բեմականացումներ են»։

44-օրյա պատերազմի և Արցախի կորստի թեմայի հետ կապված՝ Գագիկ Համբարյանն անդրադառնում է նաև ազերիների կողմից Շուշին գրավելու առեղծվածին՝ հիշեցնելով, որ ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Ազգային ժողովի ամբիոնից մեղադրեց Նիկոլ Փաշինյանին և Զինված ուժերի այն ժամանակվա գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին Արցախի կորստի համար, և պատերազմից հինգուկես տարի անց առաջին անգամ մենք պարզեցինք, որ հարավային ուղղությամբ Արցախի պաշտպանության պատասխանատուները եղել են այդ երկուսը՝ Նիկոլ Փաշինյանն ու Օնիկ Գասպարյանը։

«44-օրյա պատերազմից հետո ևս մի գեներալ՝ Մովսես Հակոբյանը, շատ հետաքրքիր բացահայտում արեց՝ հայտարարելով, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Անհողը 5 գունդ է կրճատել այդ ուղղությամբ, որը եղել է դիտավորություն՝ այդ ուղղությամբ թուլացնել պաշտպանական գիծը։

Մովսես Հակոբյանը նաև մատնանշեց հույժ գաղտնի համարը՝ «00038» հույժ գաղտնի հրամանով Նիկոլ Անհողն այդ տարածքում կրճատել է 5 գունդ։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ դա արել է դիտավորյալ, որպեսզի վաղը-մյուս օրն Օնիկ Գասպարյանի հետ միասին ավելի հեշտացնի ադրբեջանցիների կողմից պաշտպանական գծի ճեղքումն այդ ուղղությամբ։

Օնիկ Գասպարյանն էնքան վախկոտ է, որ ասում է՝ բերեք Ազգային ժողովում փակ քննարկում անենք։ Ինչի՞ փակ քննարկում, Օնի՛կ Գասպարյան։ Հլը մի հատ բաց ասա՝ Սեյրան Օհանյանը բացահայտ մեղադրեց քեզ դավաճանության մեջ՝ համատեղ Նիկոլ Անհողի հետ։ Ի՞նչ փակ քննարկում։ Հինգուկես տարի է անցել պատերազմից, 2020-23 թթ. ընթացքում 5000 տղա է զոհվել։ Ի դեպ, նկատե՞լ եք՝ էս կապիտուլյանտն ինչպես է հիստերիայի մեջ ընկնում 5000 զոհերի թիվն իմանալուց»,- մեկնաբանեց քաղաքագետը։

Պատերազմում հայկական կողմից զոհերի թվի շուրջ վեճի հետ կապված՝ Գագիկ Համբարյանը նշում է, որ 2020-23 թթ. ընթացքում տեղի ունեցած երեք պատերազմի, ինչպես նաև Արցախում 2023 թ. սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի ժամանակ բենզինի պահեստի պայթյունի դրվագներով զոհվել ու անհետ կորել է 4915 մարդ։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031