Կալասը մերժել է Շրյոդերի թեկնածությունը՝ որպես Եվրոպայի ներկայացուցիչ Ռուսաստանի հետ բանակցություններում
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին Մոսկվայի հետ եվրոպական անվտանգության հարցերի շուրջ ապագա բանակցություններում Եվրոպայի ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
«Եթե մենք Ռուսաստանին տանք մեր անունից բանակցող նշանակելու իրավունք, ապա, ինչպես հասկանում եք, դա այնքան էլ խելամիտ չի լինի։ Քանի որ Շրյոդերը լոբբինգ էր անում ռուսական պետական ընկերությունների շահերի համար, նա կնստեր սեղանի երկու կողմերում», – Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկից առաջ ասել է Կալասը։
Մայիսի 9-ին Պուտինը, պատասխանելով լրագրողների հարցին Եվրոպայում մնացած «խելամիտ քաղաքական գործիչների» մասին, Շրյոդերին անվանել է իր նախընտրելի եվրոպական ներկայացուցիչը խաղաղության շուրջ ապագա բանակցություններում։
Գերմանիան նույնպես չի աջակցել Պուտինի առաջարկին։
Շրյոդերը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 1998-2005 թվականներին։ Նա համարվում է Պուտինի ընկերը։ Նրանք ծանոթացել են 2000-ականներին և շարունակել են շփվել Շրյոդերի՝ կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո։
Գերմանացի քաղաքական գործիչը մի քանի տարի նաև եղել է ռուսական «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդի նախագահ՝ պաշտոնից հեռանալով միայն 2022 թվականին, երբ Ռուսաստանը ռազմական գործողություններ ծավալեց Ուկրաինայում, և հայրենիքում նրան քննադատեցին Ռուսաստանին աջակցելու համար։



