Իրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի պատասխանը խաղաղության շուրջ իր վերջին առաջարկին
Թեհրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի արձագանքը պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իր վերջին առաջարկին։ Այս մասին հաղորդում է իրանական «Միզան» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիին։
Ըստ ԱԳՆ խոսնակի՝ այս փուլում միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ չեն անցկացվում: Իրանի միջուկային ծրագիրը և հարստացված ուրանը ԱՄՆ-ի հետ լարվածության առանցքային թեմաներից են, սակայն Թեհրանը նախընտրում է դրանց անդրադառնալ ավելի ուշ:
Իրանի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թեհրանն առաջարկում է, որ Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն, Վաշինգտոնը դուրս բերի իր ուժերն Իրանի սահմաններին մոտ գտնվող շրջաններից, դադարեցնի իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը, բոլոր ռազմական գործողություններն ավարտվեն, այդ թվում՝ Իսրայելի գործողությունները Լիբանանում։ Առաջարկով նաև կոչ է արվում, որ երկու երկրները համաձայնության հասնեն 30 օրվա ընթացքում։ Նշվում է, որ իրանական կողմը նպատակ ունի դադարեցնել պատերազմը, ոչ թե երկարաձգել ներկայիս հրադադարը։
Մայիսի 2-ին Թրամփը հայտարարել էր, որ ուսումնասիրում է Թեհրանի առաջարկը, բայց կասկած էր հայտնել, որ այն կհանգեցնի համաձայնագրի:
Իր հերթին, իսրայելական KAN հեռուստաալիքի լրագրող Նաթան Գուտմանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հետ կարճատև զրույցի ժամանակ հայտնել է, որ իրանական նոր ծրագիրն «անընդունելի է»։
«Այն ինձ համար ընդունելի չէ։ Ես ուսումնասիրել եմ այն, ես ամեն բան ուսումնասիրել եմ. այն անընդունելի է», – Թրամփի խոսքերն է մեջբերում լրագրողն X-ի իր էջում։
Թրամփը լրագրողի հետ զրույցում նաև նշել է, որ Իսրայելի «բախտը բերել է», որ ինքն է ԱՄՆ նախագահը։
«Եթե ես չլինեի, դուք գոյություն չէիք ունենա», – ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելը գոյություն չէր ունենա, եթե չլինեին ինքը և վարչապետ Բենիամին Նեթանյահուն։



