Ռումինիան պատրաստ է Մոլդովայի հետ միավորվելուն. Ռումինիայի նախագահ
Ռումինիան պատրաստ է միավորման գործընթաց սկսել Մոլդովայի հետ, եթե հանրապետության բնակիչները նման ցանկություն հայտնեն, հայտարարել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը։
Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն բրիտանական The Rest Is Politics փոդքասթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ եթե հանրաքվե անցկացվի, ինքը կքվեարկի Ռումինիային միանալու օգտին՝ հղում անելով բարդ միջազգային իրավիճակին և այն դժվարություններին, որոնց, նրա խոսքով, հանրապետությունը բախվում է որպես ինքնիշխան պետություն: Այս շաբաթ ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում նա Ռումինիայի հետ միավորումը հիշատակել էր որպես արագացված ինտեգրման հնարավոր սցենար:
«Ռումինիայի դիրքորոշումը, ենթադրում եմ, չի փոխվել 2018 թվականի խորհրդարանական միաձայն քվեարկությունից ի վեր։ Այն ժամանակ հայտարարվեց, որ Ռումինիան պատրաստ է ցանկացած պահի, երբ Մոլդովայի Հանրապետության քաղաքացիները ցանկանան»,- լրագրողներին ասել է Դանը՝ մեկնաբանելով Սանդուի հայտարարությունը:
Ռումինիայի նախագահը պարզաբանել է, որ ամեն ինչ կախված է «Մոլդովայի Հանրապետության քաղաքացիների ձգտումներից և ժողովրդավարական ցանկություններից», որոնք Բուխարեստը հարգում է։
«Եթե մեծամասնությունը կողմ լինի այս նախագծին, մենք պատրաստ ենք»,- ընդգծել է նա։



