Մեքսիկայում ձերբակալել են թմրաբարոնի, որին բռնելու համար ԱՄՆ-ն 5 միլիոն դոլար էր խոստացել
Մեքսիկայի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ուժերը Նայարիտի նահանգում ձերբակալել են Պարտիզպան (El Jardinero) մականունով Աուդիաս Ֆլորես Սիլվային, որին բռնելու համար Միացյալ Նահանգներն առաջարկել էր 5 միլիոն դոլարի վարձատրություն: Այս մասին հայտնել է հանրային անվտանգության և քաղաքացիների պաշտպանության նախարար Օմար Գարսիա Հարֆուշը։
«Ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ուժերի կողմից պլանավորված, մշակված և իրականացված գործողության ընթացքում Նայարիտի նահանգում ձերբակալվել է Աուդիաս Ֆլորես Սիլվան՝ Պարտիզպան մականունով», – գրել է նախարարը X-ում։
Նա հավելել է, որ ձերբակալվածի նկատմամբ Մեքսիկայում գործում է կալանավորման հրամանագիր։ Բացի այդ, նրա հանդեպ հետախուզում է հայտարարված ԱՄՆ իշխանությունների կողմից՝ արտահանձնման նպատակով։ Հարֆուշը նաև շնորհակալություն է հայտնել մեքսիկացի զինծառայողներին գործողության ընթացքում ցուցաբերած քաջության, կարգապահության և անձնվիրության համար։
Մեկ այլ գրառման մեջ Հարֆուշը հայտնել է Սեսար Ալեխանդրոյի ձերբակալության մասին, որը Պարտիզպանի ֆինանսիստն է և մեղադրվում է փողերի լվացման համար։
Ըստ Milenio պարբերականի՝ Պարտիզպանը «Խալիսկոյի նոր սերունդ» կարտելի ղեկավարներից մեկն է և համարվում է խմբավորման նախկին պարագլուխ Էլ Մենչո մականունով Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի հավանական հաջորդը։ Էլ Մենչոն սպանվել է 2026 թ. փետրվարին մեքսիկացի ուժայինների կողմից ձերբակալության փորձի ժամանակ։ Նշվում է, որ Ֆլորես Սիլվան պատասխանատու էր կարտելի լոգիստիկայի, անվտանգության և տարածքային ընդլայնման համար:



