Lufthansa-ն 20 000 չվերթ կչեղարկի վառելիքի խնայողության համար
Գերմանիայի գլխավոր ավիափոխադրող Lufthansa ընկերությունն ամառային սեզոնի ընթացքում 20 000 հազար ոչ շահավետ չվերթ կչեղարկի ավիավառելիքի խնայողության համար, որը թանկացել է Իրանում ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով ավիաընկերության հաղորդագրությունը։
Թռիչքների կրճատումը կվերաբերի Ֆրանկֆուրտի և Մյունխենի օդանավակայաններին և կգործի մինչև հոկտեմբերի վերջը։ Միևնույն ժամանակ ընկերությունը նոր չվերթեր կգործարկի Ցյուրիխից, Վիեննայից ու Բրյուսելից և դեպի այդ քաղաքներ։
Lufthansa-ի ներկայացուցիչները կարծում են, որ այս չվերթերի չեղարկման միջոցով հնարավոր կլինի խնայել ավելի քան 40 000 տոննա ավիավառելիք։ Ընդ որում, ավիաընկերության արդյունավետությունը, որը չափվում է հասանելի ուղևորային կիլոմետրերով (այս ցուցանիշը հավասար է հասանելի նստատեղերի քանակի և տրանսպորտային միջոցի անցած կիլոմետրերի բազմապատկմանը), կնվազի մեկ տոկոսային կետից էլ պակաս ցուցանիշով։
Ընկերությունն արդեն չեղարկում է մինչև մայիսի 31-ը նախատեսված չվերթերը։ Օրինակ՝ ապրիլի 20-ին Lufthansa-ն չեղարկել է առաջին 120 ամենօրյա չվերթերը։ Մասնավորապես, ժամանակավորապես դադարեցվել են Ֆրանկֆուրտից դեպի լեհական Բիդգոշչ և Ժեշով քաղաքներ, ինչպես նաև դեպի նորվեգական Ստավանգեր թռիչքները։ Այլ փոփոխությունների մասին ընկերությունը կտեղեկացնի ապրիլի վերջին։




