Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք չի եղել. ՊԵԿ–ը հերքում է տարածված լուրը
Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի եղել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։
Ինչպես հայտնել ենք, այսօր ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Պետական մաքսային կոմիտեին, գրել էին, թե Ադրբեջանն այս տարվա մարտին առաջին անգամ ապրանքներ է ներկրել Հայաստանից։ Ընդ որում, ներմուծման գումարը, ըստ հրապարակումների, կազմել է ընդամենը 960 դոլար։
«Արձագանքելով մամուլում տարածված տեղեկատվությանը՝ հայտնում ենք, որ ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների` Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել»,–նշեցին ՊԵԿ–ից։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։
2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: Ադրբեջանի Մաքսային կոմիտեի տվյալներով` միայն հունվարին Հայաստանն Ադրբեջանից 2 մլն 403,6 հազար դոլարի բենզին և դիզելային վառելիք է ներկրել։ Սա կազմում է երկրի ընդհանուր արտահանման 0,1 տոկոսը։ Այս տարվա առաջին եռամսյակում, ըստ Ադրբեջանի Մաքսային կոմիտեի, Հայաստան է արտահանվել 5,8 մլն դոլարի արտադրանք:



