Եղավ արտահոսք ու ստիպված էին ժամեր անց պաշտոնական տեղեկություն հայտնել ողբերգական վթարի մասին, որը, ըստ էության, ուղիղ առնչություն ունի Փաշինյանի քարոզչական ավտոբուսի շարասյան հետ. Բադալյան
Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Նիկոլ Փաշինյանը «ուրախ ավտոբուսից» դիմում է վարորդներին, թե Շիրակի մարզում «տխուր իրադարձություն» է տեղի ունեցել, զգույշ վարեք մեքենաները:
«Տխուր իրադարձությունը», հիշեցնեմ, մարդու կյանք խլած ողբերգական վթարն է:
Թե այդ վթարի մասնակիցներից ով է «անզգույշ» եղել՝ Փաշինյանին հայտնի՞ է: Որքան հասկանում եմ, ինչպես հուշում է տրամաբանությունը, պետք է լինի քննություն, հասկանալու համար, թե ինչի՞ հետեւանք է վթարը: Իհարկե, ինքնաբերաբար եզրակացվում է, որ վթարը որեւէ մի վարորդի սխալի, խախտման հետեւանք է: Բայց, վթարները կարող են ունենալ ամենատարբեր պատճառներ, հետեւաբար՝ նախ պետք է հասկանալ պատճառը, հետո «ուրախ ավտոբուսից» շռայլել խորհուրդներ կամ հորդորներ, դե՝ իսկ հետո անցնել «ուրախ ավտոբուսի» քարոզչական առօրյայի մասին տեսանյութեր շռայլելուն:
Եվ ճակատագրի դառը հեգնանքով, դրանից քիչ անց ստացվում է տեղեկություն, որ առավոտյան վթար է եղել նաեւ Փաշինյանի ավտոբուսային շարասյունն ուղեկցող ոստիկանական ավտոբուսի մասնակցությամբ, ինչի հետեւանքով կա մեկ զոհ եւ 12 վիրավոր:
Ընդ որում, նկատենք, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վթարը եղել է առավոտյան 7.50-ի սահմաններում: Դրանից ժամեր անց «ուրախ ավտոբուսից» տեսանյութեր հրապարակով վարչապետ Փաշինյանին չէի՞ն ասել ողբերգական այդ մի վթարի մասին: Նրանից գաղտնի՞ էին պահել, որ չխաթարվի՞ ավտոբուսի ուրախությունը, թե՞ ուզում էին գաղտնի պահել հանրությունից, բայց հետո լրատվականներից մեկով եղավ արտահոսք ու ստիպված էին ժամեր անց պաշտոնական տեղեկություն հայտնել առավոտյան տեղի ունեցած ողբերգական վթարի մասին, որը, ըստ էության, ուղիղ առնչություն ունի Փաշինյանի քարոզչական ավտոբուսի շարասյան հետ»:



