Կատարի վարչապետն ընդգծել է Մերձավոր Արևելքի հակամարտությունը խաղաղ միջոցներով լուծելու անհրաժեշտությունը
Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ- Ռահման Ալ Թանին իսպանացի գործընկերոջ՝ Խոսե Մանուել Ալբարեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը «խաղաղ միջոցներով» լուծելու անհրաժեշտությունը՝ զգուշացնելով ռազմական էսկալացիայի «լուրջ հետևանքների» մասին։ Այս մասին X-ում հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարությունը հայտնել է, որ երկու պաշտոնյաները հաստատել են Կատարի և տարածաշրջանի այլ երկրների դեմ Իրանի «անարդարացի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը»։
Կատարի ԱԳ նախարարը նաև ընդգծել է համատեղ ջանքերի ակտիվացման, բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու և ճգնաժամը զսպելու, համաշխարհային էներգետիկ անվտանգությունն ապահովելու, նավարկության ազատությունը, շրջակա միջավայրի անվտանգությունը և տարածաշրջանային կայունությունը պահպանելու անհրաժեշտությունը։
Ալբարեսը հայտնել է իր երկրի համերաշխությունը Կատարի հետ՝ միաժամանակ ընդգծելով «դեէսկալացիայի, քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների պահպանման, ինչպես նաև էներգետիկ ոլորտի անվտանգության ապահովման» կարևորությունը։



