«Կա՛մ Փաշինյանը ստում է, կա՛մ իրեն ձեռնտու է, որ ԶՈւ-ում ծառայեն «փախած» մարդիկ». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ 44-օրյա պատերազմում անհետ կորած և զոհված զինծառայողների բողոքի ակցիային՝ շեշտելով՝ մարդիկ պահանջում են հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը։
«Ինքս առիթ ունեցել եմ տարբեր առիթներով զրուցել պատերազմում անհետ կորած կամ նահատակված, վիրավորում ստացած տղաների հարազատների հետ, բայց թեմայի հետ կապված հարցի էությունը շատ ավելի հստակ է։ Պատերազմի ավարտից հետո, երբ էմոցիոնալ ֆոնը բավականին բարձր էր, իշխանությունները մարդկանց խոստացել են զեկույցի միջոցով արձագանքել և նշել մեղավորներին, պատասխանատուներին, տալ հստակ գնահատականներ։ Հիմա իրավիճակ է, որ այդ զեկույցն ըստ էության ունի արխիվացվածի կարգավիճակ»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, երբ ի սկզբանե քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին որոշում եղավ, «Պատիվ ունեմ» խմբակցության դիրքորոշումը հստակ է եղել՝ պատերազմի ժամանակ քաղաքական պատասխանատվություն ու պաշտոն զբաղեցնող անձինք իրենք չեն կարող որևէ հանձնաժողովի միջոցով արդար ու օբյեկտիվ քննություն չիրականացնել։
«Հիմա մի իրավիճակ է, որ այդ քննիչ հանձնաժողովը գործել է, եկել ու հասել է մի հակասական կետի։ Ինքս միանգամից ասեմ, որ ծանոթացել եմ Քննիչ հանձնաժողովի զեկույցին, շատ ասելիք կա, բայց գաղտնիության ռեժիմը թույլ չի տալիս բարձրաձայնելու։ Բայց յուրաքանչյուր պարագայում կա իշխանության խոստումները, որ զեկույցը պետք է բավարարի շահառուների պահանջները, սակայն իր խոստումը չի կատարել»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։
Նա նաև անդրադարձավ ՀՀ օրվա իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե 2023 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ «արցախահայերը չեն կռվել», «փախել» են»։
«Այս համատեքստում ես մեկ հարցադրում եմ ուզում անել, որը գուցե հռետորական է, կամ գուցե հռետորական չէ. Եթե 2023 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի պայմաններում արցախցիները չեն կռվել, ինչպե՞ս է պատահել, որ այդ պատերազմական գործողություններից հետո «չկռված» ՊԲ հրամանատարն իր ծառայությունը շարունակում է ԶՈՒ-ում։ Սա երկու բան է նշանակում՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը ստում է, այսինքն՝ հերթական անգամ ապատեղեկատվության միջոցով փորձում է մանիպուլացնել դաշտը, կա՛մ Նիկոլ Փաշինյանի համար նպաստավոր են բոլոր այն իրավիճակները, երբ ԶՈՒ-ում ծառայության են անցնում մարդիկ, որոնք իր գնահատականով՝ «փախածներ» են»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



