Դու ո՞վ ես, որ կաթողիկոսին այդպես անվանես․ Նիկո՞լն է օրենքը․ Ժաննա Ալեքսանյանը՝ ԱԱԾ տնօրենին

«Կտրիճ Ներսիսյանի եղբայրը Սովետական Միության ԿԳԲ-ի գործակալ է եղել, և այդ փաստն ԱԱԾ-ն հանրայնացրել է»,- լրագրողներին այսօր հակիրճ արձագանքեց ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։

Լրագրողներին չզարմացրեց արտահոսած տեղեկության մասին հայտարարությունը, այլ ԱԱԾ տնօրենի դիմելաձևը Վեհափառ Հայրապետին․ հարցին, թե՝ ԱԱԾ տնօրենը, որը քաղաքական գործիչ չէ, ինչպե՞ս է օգտագործում «Կտրիճ Ներսիսյան ձևակերպումը»՝ Վեհափառի մասին խոսելիս, նա արձագանքեց․ «Այնպես, ինչպես օգտագործեցի»:

Այս կարճ հարցուպատասխանի շուրջ 168am-ը լսեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գնահատականը։

Դիտարկմանը, որ այսօր ԱԺ-ում ԱԱԾ երիտասարդ տնօրենն Ամենայն Հայոց կաթողիկոսին դիմեց ավազանի անունով, և հարցին՝ ինչո՞ւ պետության մեջ, փաստացի, չկա անհրաժեշտ բաժանում, օրինակ, քաղաքական գործչի ու ապաքաղաքական կառույցի՝ ԱԱԾ տնօրենի դիրքավորման միջև, Ժաննա Ալեքսանյանն արձագանքեց․ «Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պարտադրում է, որ ասեն` «Կտրիճ Ներսիսյան», բայց եթե անգամ չի պարտադրում, և նրանք կամովի են գնում դրան, ապա ես ի՞նչ պիտի մտածեմ ԱԱԾ պետի մասին։

Կարդացեք նաև

Դու ո՞վ ես, որ կաթողիկոսին այդպես անվանես, դու ի՞նչ ես քեզանից ներկայացնում, ո՞վ ես, ի՞նչ իրավունքով։ Միայն Նիկոլն օրենքն է․ Նիկոլն է օրենքը։ Այսինքն` այդպես եմ տեսնում այդ պատրաստակամությունն ամեն ապօրինության։

ԱԱԾ պետն ինձ համար 0 նշանակություն ունի, եթե ինքը կաթողիկոսին այդպես է դիմում, 0 արժեք ունի։ Ու այդ մթնոլորտը, պարզ է, որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը և շատ հրճվում է, որ այդպիսի հպատակներ ունի, որ անխոնջ ծառայում են, կրկնում են իր ցանկացած ապօրինի դրսևորումը»։

Ի դեպ, փաստաթղթի հանրայնացումը, ինչի մասին նշել է Անդրանիկ Սիմոնյանը, եղել է ՔՊ կայքի՝ civic.am-ի արտահոսքի միջոցով․ դեռ 2025-ի տարեվերջին էր իշխող ուժի կայքը ԱԱԾ-ից ստացած փաստաթուղթ հրապարակել՝ պնդելով, թե Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, 80-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից։

Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանի օրոք ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնը զբաղեցրած Միքայել Համբարձումյանն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ գաղտնազերծված փաստաթղթի վրա չի եղել Եզրաս սրբազանի ստորագրությունը կամ այդ փաստը վկայող տվյալ։

«Փաստաթղթից դատելով՝ ես չեմ կարող ասել, որ իսկապես այդ փաստաթուղթը վկայում է, որ Եզրաս Սրբազանը կամ ցանկացած որևէ այլ, ում վերաբերյալ նման փաստաթուղթ կարող է կազմված լինել, որ այդ անձը համագործակցել է հատուկ ծառայությունների հետ, ունեցել է ծածկանուն և այլն, որովհետև կրկնում եմ, ես այդտեղ չտեսա այդ անձի ստորագրությունը: Նման փաստաթուղթ կարող է կազմվել ցանկացածի վերաբերյալ»,- ասել էր նա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում։

 

Տեսանյութեր

Լրահոս