«Փաշինյանը հարյուրավոր թիկնապահներով է «թռի-թռի» անում. Այսօր գնացել են «Եռաբլուր», որ վաղը՝ Հայոց բանակի օրը, ասեն՝ դե, գնացել ենք, ի՞նչ բանակ, ի՞նչ բան». Գոհար Դավթյան

ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի և «Հայաստան» խմբակցությունից հեռացած պատգամավոր Գեղամ Նազարյանի նախաձեռնությամբ հունվարի 27-ը այսուհետև կսահմանվի Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր ու կլինի ոչ աշխատանքային։

Ի սկզբանե էլ հունվարի 27-ի ընտրությունը հայրենիքի պաշտպանության համար նահատակված տղաների ծնողների համար անընդունելի է, նրանց համար ընդունելի կլիներ, եթե, օրինակ, հիշատակության օր սահմանվեր սեպտեմբերի 27-ը, քանի որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։

Այսօր էլ հետևելով իրենց ընդունած օրենքին, իշխանական վերնախավն այցելել էր «Եռաբլուր»։ «Եռաբլուր» էին գնացել նաև զոհված տղաներից շատերի ծնողները, հարազատները, որպեսզի թույլ չտան իշխանության որևէ ներկայացուցիչ մոտենա  իրենց տղաների շիրիմներին։

44-օրյա պատերազմի հերոս Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը, այսօր «Եռաբլուր» չի գնացել, քանի որ վստահ է՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմով երբեք չէր համարձակվի այցելել տղաների շիրիմներին։

Կարդացեք նաև

«Նույնիսկ, եթե այս վախկոտները համարձակվեին գնալ տղայիս շիրիմին, ես հետո մի քահանա կտանեի որդուս շիրիմին, կխնկարկեր, տարածքը դրանց օդից կմաքրեր։ Սրանք շոու են անում, գնացել են «Եռաբլուր», որ վաղը՝ Հայոց բանակի օրը, ասեն՝ դե, մենք գնացել ենք «Եռաբլուր», ի՞նչ բանակ, ի՞նչ բան։

Նիկոլ Փաշինյանը վախենում է, դրա համար էլ չէր գնա տղաների շիրիմներին մոտ։ Եթե վախկոտ չլիներ, այդքան թիկնապահներով չէր շրջի։ Իրենք Նիկոլի հետ բթացած հայացքով շրջում են, հենց «ֆաս» ասի՝ բթացած հայացքներով կհարձակվեն մարդկանց վրա։ Այդ մարդը շատ վախկոտ կերպար է, ինքն իր հարյուրավոր թիկնապահներով, ազգիս թոշակառուների չտված փողերով է «թռի-թռի» անում»,- 168.amի հետ զրույցում ասաց Գոհար Դավթյանը։

Շարունակելով, Գոհար Դավթյանն ասաց, որ Հայաստանի օրվա իշխանությունը չի կարող իր իշխանությունը լինել, քանի որ դավաճանել է հայրենիքին։

«Նիկոլը գնաց Արցախ, պար եկավ, ոտքերն Արցախի հողի վրա պնդացրեց ու հողը հանձնեց, ոչինչ, ամեն ինչ այսպես չի մնալու։ Մի օր Աստծու առաջ ինքը պատասխան կտա իր արարքների համար։

Սեպտեմբերի 27-ը չեն դարձրել հիշատակության օր, որ հանկարծ իրենց եղբորը՝ Էրդողանին չզայրացնեն, նրա հովանավորությամբ չէ՞ր, որ Ադրբեջանն այդպես ռիսկով հարձակվեց Արցախի վրա։

Սրանք եկան, իրենց կեղտոտ ձեռքերը մտցրեցին մեր վերքի մեջ ու տակն ու վրա են անում»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա նաև շեշտեց՝ այս իշխանության օրոք ամեն ինչ տեսել է, հիմա նույնիսկ վախենում է, որ հանկարծ կարող են մի օր էլ հայկական բանակը մտցնել Ադրբեջանի հսկողության տակ։

«Աստված կա՝ ես Աստծո դատաստանին հավատում եմ»,- ընդգծեց տիկին Գոհարը։

Տեսանյութեր

Լրահոս