Ճաշակի հարց է. Միրզոյանը՝ ԵՄ բարձր ներկայացուցչի ու թուրք արտգործնախարարի աջակցության խոսքերի մասին
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ ԵՄ բարձր ներկայացուցչի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ ՀՀ իշխանություններին աջակցելու հայտարարությունները որպես մեր ներքին գործերին միջամտություն ներկայացնելը մանիպուլյացիա է:
«Այդ մեկնաբանությունները մանիպուլյացիա են, և այլ կերպ դրանք անվանել չի կարելի: Ցավոք սրտի, այդ մանիպուլյացիաները դարձել են մեր քաղաքական, հասարակական կյանքի մասը: Ես առնվազն կարող եմ կանխատեսել, որ առաջիկա 5-6 ամիսներին շարունակելու են լինել այդ կյանքի մասը, եթե ոչ ավելի են աճելու: Գիտե՞ք, ճաշակի հարց է: Իրականում ԵՄ բարձր ներկայացուցիչն աջակցություն է հայտնել ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացներին, ժողովրդավարական ընտրություններին, ինչը, կարծում եմ, խնդրահարույց չէ, միայն կարող ենք ողջունել: Իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը… Ես սովորաբար չեմ ուզում մեկնաբանել որևէ երկրի արտաքին գործերի նախարարի դիրքորոշումները, քննարկել կարող եմ, մեկնաբանելը չգիտեմ՝ որքանով է տեղին: Բայց կոնկրետ այդ հայտարարությունն աջակցություն է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վարչապետ Փաշինյանի ունեցած դերակատարմանը: Եվ ստացվում է, որ դա նաև Թուրքիայի դիրքորոշումն է՝ խաղաղության գործընթացին առնչվող, ինչպես նաև խրախուսանք, կոչ ՝ ուղղված Հայաստանին և Ադրբեջանին, որ շարունակեն այդ նույն ոգով խաղաղության գործընթացը և հանգեցնել հետագա ինստիտուցիոնալացմանը: Այստեղ որևէ վատ բան կա՞, կարծում եմ՝ ոչ, երիցս՝ ոչ: Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ շատ մեծ ցանկության դեպքում էլ դժվար է տեսնել»,- շեշտել է ՀՀ արտգործնախարարը:
Ի դեպ, օրերս 168.am-ը հիշեցրել էր 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերի հայտարարությանը հաջորդած Թուրքիայի ղեկավարության արձագանք-հայտարարությունները: Հետաքրքիր է՝ դրանք նո՞ւյնպես Արարատ Միրզոյանը չի համարի ներքին գործերին միջամտություն: Եթե ոչ, ապա լավ կլիներ, որ բերեր մեկ օրինակ, երբ ՀՀ իշխանություններն արձագանքել են Թուրքիայի զինվորականության-երկրի քաղաքական ղեկավարության միջև հարաբերություններին առնչվող դրվագներին:
Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների գործընթացների փոխկապակցվածությանը, ՀՀ արտաքին գործերի նախարարը, ըստ էության, դրանք լիովին չի բացառել, թեպետ Հայաստանը կարգավորման երկու առանձին գործընթացներ է իրականացնում:
«Լրիվ օբյեկտիվ ուսումնասիրողի աչքերով նայողը չի կարող այդ կապը չտեսնել»,- ընդգծել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
