«Արևմտյան և եվրոպական կառույցները մեռած են, թաղած չեն, սատարում են հակաժողովրդավարությանը». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ եթե կալանքի տակ գտնվող Նարեկ Սամսոնյանը որոշել է բանտում հացադուլ անել, նշանակում է՝ դրա անհրաժեշտությունը տեսել է։
«Սա ծայրահեղ միջոց է, բայց վիճակն էլ է ծայրահեղ։ Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին, և «նիկոլիզմի» ռեժիմը «կանաչ լույս» ունի՝ լռեցնելու ժողովրդավարական ու ազգային գործիչներին։ Ինքս մեծ ակնկալիք չունեմ ո՛չ Եվրոպայի խորհրդից, ո՛չ էլ Արևմտյան որևէ կառույցից։ Ինձ համար քաղաքական առումով նրանք մեռած են, բայց դեռ թաղած չեն։
Նարեկ Սամսոնյանը Ջենիֆեր Լոպեսի հոմանիշն օգտագործելու համար ինչո՞ւ է նստել, չորս սրբազան կա կալանավորված, ի՞նչ են արել, ազգային բարերարը տնային կալանքի մեջ է։
Մեր իշխանության ժամանակ, երբ մեկի կողքով արագ անցնող էր լինում՝ է՛լ ԱՄՆ դեսպանատուն, է՛լ Եվրոպայի խորհուրդ, է՛լ ԵԽԽՎ, ինչքան եվրոպական կառույց ու չկառույց կար, բոլորը խոսում էին, չհաշված այստեղի իրավապաշտպանները, բա ո՞ւր են այս սուտի իրավապաշտպանները»,- AntiFake.am-ի թիմի իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանովը հիշեցրեց՝ ցանկացած գործ, որը գնում է դատարան, դատալսման փուլում տեսնում են, որ այն «փլվում» է։ Նա պնդում է՝ Հայաստանում կա ոչ թե «ժողովրդավարության բաստիոն», այլ այդ «ժողովրդավրության սպանության բաստիոն»։
«Արևմտյան ու եվրոպական կառույցները սատարում են հակաժողովրդավարական գործընթացները, նրանք մեռած են, թաղած չեն»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
Նշենք, որ այսօր AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵԽ և ՄԱԿ գրասնեյակների մոտ ակցիաներ իրականացրեց։
Բողոքի ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին գրասենյակների ղեկավարներին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանի հացադուլի, նրա և փոդքասթի համահեղինակ ու վարող Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու խնդրի առանչությամբ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
