Հայաստանը դիմադրում է «Մեծ Թուրան» ծրագրին. Ռիչարդ Մուրն է «լարել» Էրդողանին. Վարդան Խաչատրյան
Համաշխարհային էլիտային դիմադրող գլխավոր ռեսուրսն այսօր աշխարհում կրոններն են, որոնք ըստ գլոբալիստների՝ պետք է չունենան այն կարգավիճակը, ինչը նրանք ձեռք են բերել հազարամյակների ընթացքում։ Այդ տեսակետից արմատական «քարերից» մեկը հնագույն եկեղեցիներն են և նրանց թվում, առաջին հերթին՝ Հայ Առաքելական եկեղեցին։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց կրոնագետ Վարդան Խաչատրյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի իշխանության եկեղեցահալած քաղաքականության աշխարհաքաղաքական հետքերի մասին։

Վարդան Խաչատրյանը հիշեցնում է, որ հենց Հայաստանն է, ըստ էության, փրկել քրիստոնեությունը՝ առաջինը պետականորեն ընդունելով Քրիստոսի ուսմունքը որպես պետական կրոն և դրանով մեծապես նպաստելով քրիստոնեության տարածմանն ամբողջ աշխարհում, և նրանք, ովքեր կառավարում են այս պրոցեսը Հայ Եկեղեցու դեմ, շատ լավ գիտեն դա։
«Քրիստոնեությունը կայացավ և տարածվեց աշխարհում, որովհետև հայերը ընդունեցին քրիստոնեությունը և ջախջախեցին Մաքսիմինուս Դեզային, որը ցեղասպանության էր ենթարկում քրիստոնյաներին և պետք է դառնար Հռոմի կայսր։
Տրդատ Մեծը ջախջախեց, բայց դա մենք չենք ասում, մեր հասարակությունը չգիտի, բայց նրանք, ովքեր կազմակերպում և կառավարում են այս պրոցեսները, անգիր գիտեն դա։ Նրանք գիտեն, որ Հայաստանը մոնոնացիոնալ, քրիստոնէից երկիր է։ Նրան որտեղի՞ց է հնարավոր պառակտել, որտեղի՞ց է հնարավոր կոտրել։ Բացի այդ, այստեղ գոյություն ունի նաև ուրիշ քաղաքական խնդիր՝ հիմնական դիմադրությունը զանգվածի «Մեծ Թուրան» ծրագրին է։ «Մեծ Թուրանը» ո՞ւմ ծրագիրն է։

«Մեծ Թուրան» ծրագիրն Անգլիայի ծրագիրն է։ Խոսքը MI6-ի նախկին ղեկավար Ռիչարդ Մուրի մասին է, որը եղել է Թուրքիայում Անգլիայի դեսպանը։ Նա Էրդողանին մանրամասնորեն լարել, դասավորել, հնարավոր ռեսուրսներով ապահովել և տարել է այդ ճանապարհով։ Անգլիան է գլխին կանգնած։ Նրանց խնդիրն այն է, որ դուրս գան Հայաստանի վրայով»,- մեկնաբանեց կրոնագետը։
Վարդան Խաչատրյանը շեշտեց, որ սա խոշորագույն տեկտոնիկ փոփոխությունների ծրագիր է. «Սրա մեջ կանգնած Հայոց Առաքելական եկեղեցու խնդիրն այն յուրօրինակ քարերից մեկն է, որը պետք է պոկվի, որպեսզի այդ ծրագիրը կարողանա դուրս գալ մեծ ճանապարհ։ Այո՛, Հայոց Առաքելական եկեղեցին լրջագույն խոչընդոտներից մեկն է՝ իր Վեհափառով հանդերձ։ Եթե պոկեցին բուրգի վերևի քարը, դժվար է ասել, թե փլուզումը երբ կկանգնի»։
Կրոնագետը մեծապես կարևորում է ներկա բարդ կացությունից դուրս գալու ճանապարհին նաև պատմական փորձը հաշվի առնելը և Հայաստանի ներկա իրավիճակն ու հայ ժողովրդի ներկայիս փորձությունները համեմատելով պատմական այլ ժամանակաշրջանների հետ՝ մեջբերում է Նիկողայոս Ադոնցին. «Հայ ժողովուրդն անընդհատ հայտնվել է ծանրագույն իրավիճակում և հաղթահարել է միայն մի բանով։
Իմ կարծիքը չեմ ասում, Նիկողայոս Ադոնցի խոսքերն եմ ասում։ Նա ասում է.
«Հայ ժողովրդին հասկանալու համար պետք չէ կարդալ նրա որևէ պատմիչի, պետք է կարդաս բոլոր պատմիչներին և միայն այդ ժամանակ կհասկանաս, որ տեսնում ես այդ ազգին պարբերաբար ջախջախված, արնածոր, թվում է, թե պատմության թատերաբեմից ցած սահելու պահին, և մտածում ես, որ վե՛րջ, այլևս չի լինի՝ ինչպես իր կողքի հնագույն ազգերը, բայց միշտ գալիս են նրա բարոյապարկեշտ առաջնորդները, որոնց ընդամենը մեկ շարժմամբ այդ փշրված ժողովուրդը, զենքը ձեռքին, վեր է կենում և գնում կնքելու իր հաջորդ փուլի առհավատչյան»։ Մեր խնդիրը բարոյապարկեշտ, համոզված, միակարծիք մարդկանց բազմությունն է»։

Հարցին, թե, հետևաբար՝ կունենա՞նք նոր Վարդան Մամիկոնյաններ և Ղևոնդ Երեցներ, կրոնագետը պատասխանեց՝ մեզ ոչ թե Վարդան Մամիկոնյան, այլ Գայլ Վահան (Վահան Մամիկոնյան) է պետք, որ վերևից խոսի և ասի այն, ինչ նա ասում էր պարսից շահին. «Հիշի՛ր մեր նախնյաց օրենքները՝ չի կարելի դավաճան ընդունել»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



