Բաժիններ՝

Բրյուսելում մեկնարկում են Ղազախստանի քաղաքացիների համար ԵՄ այցագրային ռեժիմի պարզեցման շուրջ բանակցությունները

Ղազախստանի քաղաքացիների համար Եվրամիության այցագրային ռեժիմի պարզեցման համաձայնագրի շուրջ բանակցությունները դեկտեմբերի 2-ին կսկսվեն Բրյուսելում: Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը Բրյուսելում ԵՄ միջազգային գործընկերության հարցերով հանձնակատար Յոզեֆ Սիքելայի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Եվրոպական միության հետ համագործակցության հետագա ընդլայնմանը չափազանց կարևոր հումքային մետաղների, տրանսպորտի և լոգիստիկայի, թվային նորարարության, գյուղատնտեսության, կրթության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում։ Այս առումով մենք ողջունում ենք Ղազախստանի քաղաքացիների համար ԵՄ այցագրային ռեժիմի պարզեցման և հայրենադարձության  համաձայնագրերի շուրջ բանակցությունների մեկնարկը, որոնք նշանակված են դեկտեմբերի 2-ին, Բրյուսելում», – ասել է Կոշերբաևը, որի խոսքը մեջբերում է Ղազախստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանի և Եվրամիության միջև տնտեսական գործընկերության զարգացման վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև ԵՄ-ի ու Կենտրոնական Ասիայի միջտարածաշրջանային փոխգործակցության զարգացումը։

Ղազախստանի և Եվրամիության միջև պաշտոնական խորհրդակցությունները հանրապետության քաղաքացիների համար այցագրային ռեժիմի պարզեցման շուրջ ընթանում են 2023 թ. մայիսից:

2017 թվականին Ղազախստանը միակողմանի կարգով անայցագիր ռեժիմ սահմանեց ԵՄ բոլոր պետությունների քաղաքացիների համար՝ գործարար համագործակցության, զբոսաշրջության զարգացման և շփումների խթանման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս