Փաստորեն դատարանի վրա պլան են դրել. առաջին անգամ եմ լսում՝ դատարանները շրջաբերականով առաջնորդվեն. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր գործով դատական նիստերի վերաբերյալ արհեստական բանականությանը հարցադրում է արել՝ արդյոք հնարավոր է առանց քրեական հոդվածի մեղադրյալի կարգավիճակ ունենալ։

Նշենք, որ ՍԴ որոշումից հետո, երբ հակասահմանադրական էր ճանաչվել Քոչարյանի և մյուսների գործով մեղադրանքի հոդվածը, բոլորի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։ Որոշումը բողոքարկվել էր, գործն անցել էր Հակակոռուպցիոն դատարան, որն այժմ քննում է նոր մեղադրանք առաջադրելու մասին մեղադրող կողմի միջնորդությունը։

«Ես դիմել եմ արհեստական բանականությանը՝ արդյոք հնարավո՞ր է առանց քրեական հոդվածի մեղադրյալի կարգավիճակ ունենալ, կամ կա՞ արդյոք այս երկրագնդի վրա այնպիսի մի երկիր, որտեղ դա հնարավոր է։

Շատ երկար աշխատելուց, ամբողջ այդ big data-ն մշակելուց հետո, ինձ ասել է՝ սա աբսուրդ է և անհնարին։

ԱԲ-ն ինձ ասաց, որ չկա աշխարհում նման դեպք, նույնիսկ վերջին 100 տարվա մեջ նման բան չի եղել։ Եթե մենք ողջամտությամբ շարժվենք, ապա մենք այս դատական նիստերին չպետք է գանք։

Ես այստեղ գալիս եմ, որովհետև երբ չեմ գալիս, ասում եք՝ խուսափում է։ Ավելի շատ այս նիստերին գալիս եմ բարի կամք դրսևորելով»,- նշեց Քոչարյանը։

Նշենք՝ այսօր հայտնի դարձավ, որ դատարաններին շրջաբերական է իջեցվել՝ դատական գործընթացների ողջամիտ ժամկետները պահպանելու և մոտավորապես մեկ տարվա ընթացքում տեղավորվելու հրահանգով։

Վերոնշյալի վերաբերյալ երկրորդ նախագահը շեշտեց՝ դատարանների վրա պլան է դրված, ինչին ի պատասխան Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը հակադարձեց։

«Ոչ ոք չի կարող պլան դնել, օրենքն է ժամկետներ սահմանում»,- նշեց Պետրոսյանը։

Նա վստահեցրեց՝ ինքը շրջաբերականներով չի առաջնորդվում, այլ միայն ողջամիտ ժամկետներով և արդյունավետությամբ։

Տեսանյութեր

Լրահոս