Ֆրիդա Կալոյի ինքնանկարը վաճառվել է գրեթե 55 միլիոն դոլարով՝ գերազանցելով կին նկարիչների աճուրդային ռեկորդը

Մեքսիկացի հայտնի նկարչուհի Ֆրիդա Կալոյի 1940 թվականի ինքնանկարը վաճառվել է 54,7 միլիոն դոլարով և սահմանել ռեկորդ․ այն աշխարհի նկարչուհիների աշխատանքների մեջ աճուրդում վաճառված ամենաթանկ արվեստի գործն է․ գրում է Euronews-ը։

Կալոյի՝ անկողնում քնած նկարը կոչվում է «El sueño (La cama)» կամ «Երազը (Անկողինը)»։ Կտավը գերազանցել է Ջորջիա Օ’Քիֆի «Jimson Weed/White Flower No. 1» նկարի ռեկորդը․ այն 2014 թվականին վաճառվել էր 44,4 միլիոն դոլարով։

Նյու Յորքի Sotheby’s աճուրդում կայացած վաճառքը գերազանցել է նաև Կալոյի սեփական ռեկորդը։ 1949 թվականի «Դիեգոն և ես» կտավը, որը պատկերում է նկարչուհուն իր ամուսնու՝ որմնանկարիչ Դիեգո Ռիվերայի հետ, 2021 թվականին վաճառվել է 34,9 միլիոն դոլարով։ Հաղորդվում է, որ նկարչուհու աշխատանքները մասնավոր աճուրդներում վաճառվել են է՛լ ավելի բարձր գներով։

Նշվում է, որ կտավը պատկանում է մասնավոր հավաքածուի, որի սեփականատիրոջ անունը չի հրապարակվում:

Տեսանյութեր

Լրահոս