«Վաղարշապատի բնակիչները, ովքեր մասնակցել են ընտրություններին, իրենց համաձայնությունը չեն տվել հակաեկեղեցական քայլերին». Գոհար Մելոյան

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը, ով նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի ունեցած համայնքապետի ընտրությունների ժամանակ իրականացրել է դիտորդական առաքելություն, ասում է՝ արձանագրել են խախտումներ, սակայն այս պահին դրանց վերաբերյալ համապարփակ որևէ բան չի կարող ասել, քանի որ զեկույցը դեռևս վերջնական պատրաստման փուլում է։

«Վաղարշապատում եղել են 47 տեղամասային կենտրոններ՝ թե՛ մեր կողմից, թե՛ այլ դիտորդական առաքելությունների կողմից, ինչո՞ւ ոչ՝ ընտրություններին մասնակցող ուժերի կողմից արձանագրված խախտումները համախմբելուց հետո, կարող ենք եզրակացություն տալ, թե արդյո՞ք դրանք ունեցել են ազդեցություն ընտրությունների վերջնական արդյունքի վրա։

Եթե ընդհանրական գնահատական տանք, ապա այնպիսի խախտումներ չենք արձանագրել, որոնցից կարող ենք պնդում կատարել, որ դրանց արդյունքում ընտրության վերջնարդյունքը փոփոխվել է և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված նախնական արդյունքները կասկածի տեղիք են տալիս»,- 168.am հետ զրույցում նշեց Գոհար Մելոյանը։

Նա նշեց, որ այս պահին չի կարող պնդել, որ խախտումները քանակական ու տեսական առումով այնպիսին էին, որ կարող է կասկածի տակ դնել նախնական հրապարակված արդյունքները, բայց պետք է զեկույցներ կազմել։

Կարդացեք նաև

«Այս պահին դեռևս ուսումնասիրում ենք ըստ տեղամասերի խախտումների տեսակները և քանակները, և հնարավոր է, որ վերջնական այնպիսի տեսք ստացվի, որ այդ խախտումներն, օրինակ, ինչ-որ տեսակարար կշռով հանդիսանան որևէ ընտրատեղամասի վերահաշվարկի կամ վերաքվեարկության հիմք։

Կարծում եմ՝ իշխանության կողմից այս դեպքում բավականին վերլուծական աշխատանք էր կատարվել, առաջին անգամ էին Վաղարշապատում այս 47 տեղամասային կենտրոնների համալրմամբ իրականացվում ընտրություններ։

Հունիսի 7-ին համայնքի նախկին ղեկավարի հրաժարականից հետո, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ էին կատարվել, և 2 համայնք՝ Վաղարշապատը և Խոյ համայնքը, միավորվել էին։ Արդյունքում, եթե նախկինում Վաղարշապատի համայնքի մեջ մտնում էին 25 տեղամասային կենտրոններ, այս անգամ 47 էր։

ՔՊ-ի թեկնածուն եղել է Խոյ համայնքի նախկին ղեկավարը, համայնքն ունեցել է ներառական 17 գյուղ և 22 տեղամասային կենտրոն։ Բնականաբար, հեղինակությունը և վարչական ռեսուրսի կիրառումն այս համատեքստում ավելի ընդլայնված է եղել»,- հավելեց Գոհար Մելոյանը։

Մեր զրուցակցի փոխանցմամբ, երբ դիտարկում է 2021 թվականի ցուցիչները, ապա այս անգամ մարդկանց բարձր թվով մասնակցությունն ապահովել են Խոյ համայնքի տեղամասային կենտրոնները։

«Բավականին մտահոգիչ է, որ ընտրություններին հաջորդող օրն իրավապահ մարմինները ներգործություն են իրականացրել ընդդիմադիր ուժի նկատմամբ՝ ի համեմատ Գյումրու ընտրությունների։

Ինչ վերաբերում է ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ապա այն բավականին մտահոգիչ է։

Պարբերաբար ասել եմ, այս գործընթացը, որը գործադիրի ղեկավարը եկեղեցու նկատմամբ պարբերաբար իրեն թույլ է տալիս, հակաիրավական ու հակասահմանադրական է։

Երբ մենք հետևում էինք քարոզչական գործընթացին, ապա ՔՊ-ի թեկնածուն երբևէ չի խոսել եկեղեցու գործերին միջամտելու մասին, այդ պրոցեսներից իրեն հեռու է պահել ու չի մեկնաբանել։ Այսինքն՝ Վաղարշապատի բնակիչները, ովքեր մասնակցել են ընտրություններին, որևէ կերպ իրենց համաձայնությունը չեն տվել հակաեկեղեցական քայլերին, իրենք այլ ծրագիր են ներկայացրել բնակիչներին, բնակիչներն այդ ծրագրին են տվել իրենց համաձայնության քվեն»,- ընդգծեց Գոհար Մելոյանը։

Տեսանյութեր

Լրահոս