Արդյո՞ք ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա ՌԴ-ից բնական գազ և նավթ չգնելու համար
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողվրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության պատգամավոր Ալի Օզթունչն անդրադարձել է վերջերս ԱՄՆ-ի հետ բնական գազի վերաբերյալ կնքված համաձայնագրերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միջանկյալ նշենք, որ սույն թվականի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ ստորագրվել էին էներգետիկ ոլորտում պայմանագրեր։
Պատգամավորը նշում է, որ չնայած նրան, որ ԱՄՆ-ից Թուրքիա բնական գազի ներմուծումը 8 տարվա ընթացքում աճել է 23 անգամ, այնուհանդերձ երկու երկրների միջև ստորագրվել են նոր համաձայնագրեր էներգետիկ ոլորոտում։
Այդ համատեքստում պատգամավորը նշել է, որ Թուրքիան միջև 2045-ը ԱՄՆ-ից հեղուկ բնական գազ ներմուծելու համար կվճարի 43 մլրդ դոլար։ Օզթունչը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ ասել է մի՛ օգտագործեք ռուսական էներգիակիրները, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ասել է մի՛ գնեք բնական գազ ՌԴ-ից և Էրդողանը չի վերցնում/չի գնում։
«Եղանակները լավ ցրտելու են, էներգետիկ ճգնաժամը դռան շեմին է, կառավարությունը հետևում է»- նշել է ընդդիմադիր պատգամավորը։ Ի հավելում վերոնշյալի՝ Օզթունչը նաև շեշտել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված «Կապույտ հոսք» և «Թուրքական հոսք» համաձայնագրերի ժամկետը լրանալու է տարեվերջին ու մատնանշել է, որ ձմռան ամիսներին Թուրքիան կարող է բնական գազի պակաս զգալ։
Օզթունչն այս հարցը բաձրաձայնել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։ Նա հարց է հղել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփասլան Բայրաքթարին՝ նշելով. «Արդյո՞ք ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա Ռուսաստանից բնական գազ և նավթ չգնելու համար։ Սկսվե՞լ են բանակցություններ Ռուսաստանի հետ բնական գազի պայմանագրերի շուրջ։ Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը խստացնի նոր պայմանագրի պայմանները»։

