Կանենք այն, ինչ կարող ենք Հայաստանում մարդու իրավունքների անկման այս խնդիրը բարձրաձայնելու համար․ Ջոել Վելդկամպը՝ ՀԱԵ-ի նկատմամբ ճնշումների մասին
Նիկոլ Փաշինյանի կազմակերպած «Աղոթքի նախաճաշ»-ի հրավիրյալ՝ «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (Christian Solidarity International (CSI)) իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելդկամպը Երևանից տեսաուղերձ է տարածել և քննադատել ՀՀ իշխանությունների ճնշումները հոգևորականության նկատմամբ։
Նա նախ տեղեկացրել է, որ CSI-ը հրավիրվել է մասնակցելու Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող «Աղոթքի նախաճաշ»-ին։ Սա, նրա որակմամբ, կարևոր նախաձեռնություն է, որը հնարավորություն կտա ԱՄՆ-ի ու Արևմուտքի քրիստոնյաներին Հայաստանն էլ ավելի լավ ճանաչել։
Սակայն, նրա խոսքով, դժբախտաբար ամեն ինչ չէ, որ լավ է Հայաստանում։
«Հունիսից ՀՀ կառավարությունը կալանավորել է հայաստանյան հոգևորականության 4 ներկայացուցչի և Հայաստանյան եկեղեցու ավելի քան 20 աջակցի։ Հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները մեզ ասում են, որ այս մարդկանց դեմ մեղադրանքները երբեմն կեղծվում են, երբեմն իսկապես կեղծված են, այլ խոսքերով՝ ակնհայտ է, որ այս մարդիկ քաղաքական բանտարկյալներ են:
Հայաստանյան եկեղեցին ակտիվորեն պաշտպանել է ԼՂ հայերի իրավունքները, որոնք քշվեցին իրենց մայր հողից Ադրբեջանի կողմից, և թվում է, որ ՀՀ կառավարությունը ճնշում է եկեղեցին՝ նրանց անկեղծության համար։ Խոսակցությունները, որոնք ես այսօր այստեղ ունեցել եմ, բավականին մռայլ էին։ Մարդիկ իսկապես շատ անհանգստացած են, որ մենք նոր դարաշրջան ենք թևակոխում, և երկիրը, որն ազատ երկրի ընկալում ուներ, ազատ խոսք չի թույլատրում, և որտեղ մարդիկ վախենում են բարձրաձայնել իրենց իրական քաղաքական կարծիքը»,- նշում է Ջոել Վելդկամպը տեսաուղերձում։
Նա նաև մատնանշեց, որ ձերբակալվել են «Անտիֆեյք» լրատվամիջոցի փոդքասթի հեղինակները։
«Լավ նշան չէ, որ սա արվում է այն ժամանակ, երբ մենք բոլորս այստեղ ենք՝ մասնակցելու «Աղոթքի նախաճաշին» վարչապետի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Թվում է, թե նրանք մտածում են, որ կարող են ռեպրեսիաներ իրականացնել և հեռանալ ժողովրդավարությունից, և որևէ մեկը նրանց հարց չի ուղղի»,- ասաց Վելդկամպը՝ հորդորելով բոլոր շահագրգիռ կազմակերպություններին հարցեր ուղղել։ Նա նաև տեղեկացրեց, որ խնդրել է հանդիպում բանտում կալանավորված հոգևորականների ու նրանց աջակիցների հետ։
Նա նշեց, որ հնարավոր ամեն քայլի պատրաստ են մարդու իրավունքների անկման այս խնդիրը բարձրաձայնելու համար, գիտակցելով ՀԱԵ կարևորությունը հայ ժողովրդի համար։
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնությունը։

