Թուրքիան դադարեցրել է C-130 ինքնաթիռների թռիչքները
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը դադարեցրել է C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռների թռիչքները մինչև Վրաստանում ավիավթարի պատճառների և հանգամանքների հետաքննության ավարտը։
Այս մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի ռազմական գերատեսչությունից:
«Մեր ինքնաթիռների թռիչքները դադարեցվել են նոյեմբերի 12-ից՝ որպես նախազգուշական միջոց։ Բոլոր տեխնիկական զննումներն ու ստուգումներն ավարտվելուց հետո կվերսկսվեն ստուգումներ անցած [C-130] ինքնաթիռների թռիչքները», – նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ինքնաթիռի սև արկղն արդեն հասել է Թուրքիա։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Վրաստանի տարածքում կործանվել էր թուրքական C-130 ռազմական բեռնատար ինքնաթիռը։
Ինքնաթիռը կործանվել էր Ադրբեջանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին։ Ինքնաթիռի կործանման հետևանքով դրանում գտնվող բոլոր 20 զինվորականները զոհվել են:

